7 դեկտեմբեր, 2018 16:18

Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին

Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին անփոփոխ թողեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ռոբերտ Քոչարյանը դատարանում չէր։ Նրա փաստաբանները չհստակեցրին, թե երբ կկալանավորվի պաշտոնաթող նախագահը։ Փաստաբանները մի քանի միջնորդություններ էին ներկայացրել, սակայն դատարանը դրանց չանդրադարձավ։

Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը դատարանի որոշումը որակեց ապօրինի․ «Մեկ անգամ ճնշում եղել է առաջին ատյանի դատարանի դատավորի նկատմամբ, սա երկրորդ ճնշումն էր։ Սա միանշանակ քաղաքական որոշում է։ Եթե կարդան հայերեն այս քրեական գործի մանրամասները, ապա այս գործընթացը սկսված չէր լինի»։

Քոչարյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշումը կայացրեց Վերաքննիչ քրեական դատարի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։

Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունն ընթացավ հինգ օրմ և դեկտեմբերի 4֊ին դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտելու մասին որոշումը կայացրել էր հուլիսի 27֊ին, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Հայկ Ալումյանը և Ռուբեն Սահակյանը որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան:

Եվ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, բավարարվել էր պաշտպանների ներկայացրած բողոքները` հիմք ընդունելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

Այս որոշումը ևս բողոքարկվել էր ինչպես Գլխավոր դատախազի, այնպես էլ պաշտպանական թիմի կողմից:

Նոյեմբերի 15֊ին Վճռաբեկ դատարանը որոշել է մասնակի բավարարել Գլխավոր դատախազի բողոքը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության։

***

Ռոբերտ Քոչարյանին 2018-ի հուլիսին մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Հատուկ քննչական ծառայությունը գաղտնազերծել էր 2008-ի փետրվարի 23-ին այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած հույժ գաղտնի՝ թիվ 0038 հրամանը, որով «զինված ուժերը ներգրավվել էին քաղաքական գործընթացներում»։

ՀՔԾ-ի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանը որոշեց կալանավորել Քոչարյանին երկու ամսով, սակայն օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցի և այն գրավով փոխարինելու միջնորդություններին նույնիսկ անդրադարձ չկատարեց՝ արձանագրելով, որ որպես պաշտոնաթող նախագահ Քոչարյանն ունի անձեռնմխելիություն։

Գևորգ Թոսունյան