7 դեկտեմբեր, 2018 14:24

Կրթություն․ ինչ են խոստանում 11 ուժերը

Դեկտեմբերի 9-ի ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն և 2 դաշինք։ Սիվիլնեթն ուսումնասիրել է նախընտրական 11 ծրագրերը։ Ինչ են նրանք խոստանում կրթության ոլորտում։

ՀՅԴ

ՀՅԴ-ն առաջարկում է կրթական պատվեր ձևավորելիս առաջնորդվել տնտեսության արդի ու հեռանկարային կարիքներով, նշում, որ գիտությունը, կրթությունն ու բիզնեսը պետք է համագործակցեն։

Քաղաքացու որոշում

Քաղաքացու որոշում կուսակցությունն իր ծրագրում կրթության ոլորտին ունի ծավալուն անդրադարձ։ Մասնավորապես՝ կուսակցությունը ներկայացրել է որակյալ կրթության ապահովման սկզբունքներ. դրանք են՝ պետության կողմից կրթության ու գիտության համար բյուջեից ֆինանսավորում առնվազն բյուջեի 4,5 տոկոսի չափով, կրթության ու գիտության դիտարկումը որպես ազգային անվտանգության հայեցակարգի մաս, պետության կողմից ուսումնական հաստատության ապաքաղաքականացվածության ու ինքնավարության ապահովումը և այլն։

Կրթական ծրագրերը, ուսումնական պլանը, դասագրքերն ու մեթոդները պետք է հիմնվեն երեխայակենտրոնության սկզբունքի վրա։ Քաղաքացու որոշումը մշակել է «կրթության ոսկե եռանկյունի»՝ երեխայի, ծնողի ու ուսուցչի մասնակցությամբ, որտեղ երեխան նյութական կամ այլ պատճառներով չի կարող զրկվել կրթությունից, կունենա ինքնադրսևորվելու հնարավորություն ու անվճար սնունդ՝ 1-4-րդ դասարաններում։ Նաև կունենա պետությունից ստացվող ֆինանսավորում՝ անկախ դպրոցի պետական կամ մասնավոր կարգավիճակից։ Այդ եռանկյունում ծնողը պաշտպանված կլինի դրամահավաքներից, երեխային կրկնուսույցի մոտ տանելուց, կունենա կրթական հաստատության կառավարմանը մասնակցելու հնարավորություն ու իրավունք։  Իսկ ուսուցիչը այդ սխեմայում ունի սոցիալական երաշխիքներ, 7 տարին մեկ՝ ֆինանսավորվող ակադեմիական արձակուրդ ու ստեղծագործական ազատություն։

Քաղաքացու որոշման ծրագրի կրթական բաղադրիչում առկա է նաև մեծահասակների կրթության վերաբերյալ դրույթ, ըստ որի, անհրաժեշտ է դիտարկել ու պետության դրական պարտավորություն սահմանել մեծահասակների համար կայուն կրթական բազմազանության ապահովումը։

Ազգային առաջընթաց

Ազգային առաջընթաց կուսակցությունը նախատեսում է կրթությունը հռչակել տնտեսության գերակա ճյուղ՝ որակա ու մատչելի միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական  կրթություն ապահովելու հաշվին արտերկրյա ուսանողների հոսք ապահովելու միջոցով։ Ըստ Ազգային առաջընթացի՝ կրթության գլխավոր նպատակներից մեկը պետք է հռչակվի քաղաքացի կրթելը, ու դպրոցներում, բուհերում պետք է ուսումնական ծրագրեր մշակվեն ու ներդրվեն հասարակական դաշինքի ու ինքնիշխան ժողովրդի գաղափարի վերաբերյալ։ Կուսակցությունը խոստանում է մեծամասնություն կազմելու դեպքում ապաքաղաքականացնել, ապակուսակցականացնել ուսումնական հաստատություններն ու ապահովել դրանց ինքնակառավարումը։

Իմ քայլը դաշինք

Իմ քայլը կայուն զարգացման ու համընդհանուր բարեկեցության հասնելու ճանապարհ է դիտարկում կրթությունն ու գիտությունը։ Նախադպրոցական կրթության հարցում Իմ քայլը թիրախավորել է մինչև 2023 թվականը ապահովել 3 տարեկանից բարձր երեխաների 70 տոկոսի ներգրավումը նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Դաշինքը խոստանում է հանրակրթության զարգացումը սահմանել առաջնահերություն՝ թիրախավորելով հատկապես տեխնիկական գիտությունները, օտար լեզուների ուսուցումը՝ սկսած առաջին դասարանից։

Դաշինքը խոստանում է աստիճանաբար բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, նաև ընդլայնել սոցփաթեթներով նախատեսված արտոնությունները։ Իմ քայլն առաջարկում է մասնավորի հետ համագործակցությամբ մշակել դուալ կրթության ներդրման ձևաչափեր։

Բարձրագույն կրթության ոլորտում դաշինքը ցանկանում է արդիականացնել կրթական ծրագրերը, վերանայել բուհերին տրամադրվող ֆինանսական միջոցների կառուցվածքն ու թիրախայնությունը: Ըստ Իմ քայլի ծրագրի՝ պետությունը համալսարաններին պատվիրակելու է առաջնահերթ համարվող հետազոտությունների իրականացումը, իսկ միջին դպրոցում ներդրվելու են մասնագիտական կողմնորոշման մոդուլներ։ Ավագ դպրոցներում  աշակերտներին տրամադրվելու է ամբողջական տեղեկատվություն առկա մասնագիտությունների պահանջարկի, կարիերայի զարգացման ու աշխատավարձի չափի մասին։ Բարձրագույն կրթության ոլորտի զարգացվածությունը, ըստ Իմ քայլի ծրագրի, չափվելու է միջազգային ուսանողների թվաքանակի ավելացմամբ և բուհերն ավարտած ուսանողների աշխատաշուկայում ինտեգրմամբ։

Սասնա ծռեր

Սասնա ծռերը սոցիալ-տնտեսական ոլորտում գերակայություն են համարում կրթության համակարգը չորրորդ արդյունաբերական հեղափոխության չափանիշներին համապատասխանեցնելը։ Սասնա ծռերը խոստանում են նաև ապահովել սոցիալապես անապահով անձանց անվճար մասնագիտական կրթությունը։

Լուսավոր Հայաստան

Լուսավոր Հայաստան կուսակցությունը խոստանում է ամրապնդել կրթության ու տնտեսության միջև սերտ փոխգործակցությունը՝ հարկային արտոնություններ տրամադրելով բուհերի հետազոտական-նորարարական նախաձեռնություններում ներդրում կատարող ձեռնարկություններին։ Կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ունենալու դեպքում մտադիր է ստեղծել բարձրագույն կրթության արտահանման կենտրոն, անցում ապահովել հիշողության վրա հիմնված ուսումնառությունից դեպի վերլուծական մտածողություն, ստեղծել տարբերակված կրթական հնարավորություն՝ ըստ ուսումնառողի մասնագիտական աճի ու ընդունակության։ Լուսավոր Հայաստանն առաջարկում է փոփոխել ուսումնական կենտրոնների ֆինանսավորման կարգը՝ պետական ֆինանսավորում տրամադրել ոչ թե ըստ ուսումնառողների թվի այլ ըստ կատարողականի՝ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով։

Կուսակցությունը խոստանում է աշխատանքներ տանել բարձրագույն կրթական հաստատություններին կից ինկուբատորների, ստարտափների աջակցության կենտրոնների հիմնման ուղղությամբ։ Խթանելու համար երկրում տարածքային համաչափ զարգացումը՝ Լուսավոր Հայաստանը առաջարկում է նախաձեռնել բարձրագույն կրթական հաստատությունների վերաբաշխման գործընթաց՝ ըստ մարզերի, իսկ նախադպրոցական հաստատությունների համար առաջարկում են ֆինանսավորման աճ՝ համայնքային ու պետական բյուջեի միջոցների հաշվին։

ՀՀԿ

Փաստելով, որ կրթական համակարգը «մեր կարևորագույն մարտահրավերն է», ՀՀԿ-ն նշում է, որ կրթական համակարգը պահանջում է էական բարեփոխումներ, յուրաքանչյուր ուսանողի ու աշակերտի լիարժեք ներգրավում ուսման բոլոր գործընթացներում։ ՀՀԿ-ն անհրաժեշտ է համարում նաև ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացումը։

ԲՀԿ

ԲՀԿ-ն իր ծրագրում ամրագրել է դրույթ, ըստ որի, բոլոր այն երիտասարդները, որոնք ունեն ցանկություն ու համապատասխան գիտելիքներ, պետք է երկարատև վարկերի ու դրամաշնորհների տեսքով աջակցություն ստանան՝ բուհերում կրթություն սկսելու կամ շարունակելու համար՝ հնարավորություն տալով, որ քաղաքացին ուսումն ավարտելուց հետո 10 տարվա ընթացքում մարի վարկը։ ԲՀԿ-ն անհրաժեշտություն է տեսնում բուհական համակարգում արմատապես փոփոխել ընդունելության քննությունների կարգը՝ «բացառելով ցածրամակարդակ կրթական ծառայությունների տրամադրումը երիտասարդ քաղաքացիներին»։

Մենք դաշինք

Բարձրագույն կրթության ոլորտում Մենք դաշինքը նախատեսում է բարեփոխումներ՝ բուհերի ինստիտուցիոնալ և ներքին կառավարման մակարդակներում՝ կիրառելով բարձրագույն կրթության համակարգում միջդիսցիպլինար ու տրանս-դիսցիպլինար մոտեցումներ։ Դաշինքը անհրաժեշտ է համարում կրթական համակարգում ուսանողների կողմից ընտրվող առարկաների ցանկի ընդլայնումը, որը հնարավորություն կտա ունիվերսալ մասնագետների փոխարեն պատրաստել նպատակային, եզակի մասնագետներ։ Ինչպես այլ ուժեր, Մենք դաշինքը նույնպես կարիք է տեսնում փոփոխել դասավանդման ու ուսուցման մեթոդները՝ մեծ տեղ հատկացնելով քննադատական ու ստեղծագործական մտածողությանն ու «մեռած» առարկաների վերանայում կատարել։

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցություն

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը առաջարկում է ավագ դպրոցը բաժանել երեք հոսքի՝ բնագիտական, մշակութային ու տեխնոլոգիական։ Նորաստեղծ կուսակցությունը անհրաժեշտ է համարում «վերածնելով լավ հինը»՝ զարգացնել կրթության դասական համակարգը ու միանշանակ մերժել բոլոնյան համակարգի կրթությունը։

ՕԵԿ

ՕԵԿ-ն իր ծրագրում խոստանում է ավելացնել կրթության ու գիտության ֆինանսավորումը, Հայաստանում անվճար մանկապարտեզների ցանց ձևավորել, իսկ բուհերում ընդունելության քննությունները վերացնել։ ՕԵԿ-ն առաջարկում է պետպատվերի փոխարեն անձանց տալ գումարային կրթական սերտիֆիկատներ։

Մկրտիչ Կարապետյան

Կարդացե՛ք նաև՝

Ժողովրդագրություն․ ինչ են խոստանում նախընտրական ծրագրերը 

Հանքարդյունաբերություն․ ինչ են խոստանում քաղաքական ուժերը

Հարկեր․ ինչ են առաջարկում քաղաքական ուժերը

Կոռուպցիայի դեմ պայքարը՝ քաղաքական ուժերի ծրագրերում