7 դեկտեմբեր, 2018 17:35

Սերժ Սարգսյանի հետախուզվող եղբորորդուն հայտնաբերել են Պրահայում

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին, որը հետախուզման մեջ էր, հայտնաբերել են Պրահայում, հաղորդում է Հայաստանի ոստիկանությունը։

«Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում»: