10 դեկտեմբեր, 2018 16:32

Ինչպես են քաղաքական ուժերն արձագանքում դեկտեմբերի 9-ի ընտրությանը

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը արձագանքել են ընտրությունների հրապարակված արդյունքներին։ Ըստ դրանց երեք ուժ է անցել խորհրդարան․ «Իմ քայլը» դաշինքը հավաքել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ձայների 70,43 տոկոսը, ԲՀԿ-ն՝ 8,27 տոկոսը, Լուսավոր Հայաստանը՝ 6,37 տոկոսը։ Մնացած ուժերին, այդ թվում ՀՅԴ-ին և ՀՀԿ-ին չի հաջողվել անցնել 5 տոկոսանոց անցողիկ շեմը՝  համապատասխանաբար 3.89 և 4.70 տոկոս ձայներով։

Ինչպես են քաղաքական ուժերն արձագանքել դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքներին։ Քաղաքական ուժերը կասկածի տակ չեն առնում ընտրությունների օրինականությունը։

ՀՀԿ․ Շարունակելու են պայքարը հանուն քրիստոնեական արժեքների ու Արցախի

Դեռևս գործող խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ թեկնածու Էդուարդ Շարմազանովը, որը Լոռիում ռեյտինգային ընտրակարգով հավաքել է ընդամենը 1663 ձայն, արձագանքելով արդյունքներին «Այսօր»-ի հետ զրույցում հայտարարել է, թե դեկտեմբերի 9-ը ՀՀԿ-ի վերածննդի օրն է.

«Պարզ է մի բան՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը, բոլոր դատարկ մտքերը, բոլոր մահախոսականները Հանրապետական կուսակցության վերաբերյալ փուչիկ են։ ՀՀԿ-ն ապացուցեց, որ գեստապոյական փաշինյանական խայտառակ ռեժիմի հակաքարոզչության, սպառնալիքի ու տոտալիտար ճնշումների արդյունքում 60 հազար քաղաքացի մերժել է Նիկոլին ու այո ասել Շարմազանովին, Աշոտյանին, Վիգեն Սարգսյանին, Արփինե Հովհաննիսյանին և մեր ընկերներին։ Դեկտեմբերի 9-ը Հանրապետական կուսակցության վերածննդի օրն է»։

Շարմազանովը վստահեցրել է, որ իրենց տված 60 հազար ձայնը մեկ տարի անց դառնալու է 600 հազար: Նա իրենց ձայն տված քաղաքացիներին անվանել է մահապարտներ և նշել, որ շարունակելու են պայքարը հանուն քրիստոնեական արժեքների ու Արցախի։

ԲՀԿ-ն լինելու է ձեր ձայնը խորհրդարանում․ Ծառուկյան

Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընգծելով ԲՀԿ-ի՝ խորհրդարանում երկրորդ ուժը լինելու փաստը։

«Որպես երկրորդ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում և հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը՝ շարունակելու է լինել ժողովրդի կողքին և իր գործունեությունը ծավալել բացառապես ի շահ և իր բարօրություն հայ ժողովրդի»:

ՀՅԴ․ Ընտրողն իր ձայնը տվել է ոչ թե գաղափարին ու ծրագրին, այլ անհատին

ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ տեղի ունեցածը պարտություն է, բայց ոչ իրենց ընտրողների պարտությունը։ Որպես պարտության պատճառ ՀՅԴ-ն նշել է այն, որ ընտրողը իր ձայնը տվել է ոչ թե գաղափարին ու ծրագրին, այլ անհատին, ընտրողների մի ստվար զանգվածը կենտրոնացած է եղել «ներքին թշնամու» կերպարի վրա, Դաշնակցության մոտեցումներն ընկալվել են միայն փոքրամասնության կողմից, արցախյան հարցը քաղաքական օրակարգում պատշաճ չի կարևորվել։ «Փակվում է պատմության այս փուլը ու գալիս է նորը: Մենք մուտք ենք գործում այդ նոր պատմության մեջ համազգային կուռ կառույցով, ապագայի մեր երազանքով ու պայքարելու վճռականությամբ»,- նշված է ՀՅԴ հայտարարությունում։

Լուսավոր Հայաստանը պատմական է որակում ընտրությունը

Լուսավոր Հայաստանը խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությունում նշում է՝ այս ընտրություններով ավարտվում է հեղափոխության փուլը և երկիրը տեղափոխվում է համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ, որտեղ խորհրդարանը կունենա փոխզսպող ու հակակշռող ուժ։ Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարում է՝ խորհրդարանական տարածքում ընդդիմադիր լինելու ռեսուրս ունի միայն Լուսավոր Հայաստանը։

Նրա խոսքով՝ իրենց կուսակցության նկատմամբ եղել է հակաքարոզչություն, որն ազդեցություն ունեցել է, ապա ակնարկելով ԲՀԿ-ին և նրա ղեկավարին, ասել է. «Եթե կառավարության այն հիմնադրույթը, որը կապված էր բիզնեսի ու քաղաքականության տարանջատման հետ իրացվեր այս վեց ամիսների ընթացքում, Լուսավոր Հայաստանը միանշանակ երկրորդ քաղաքական միավորը կլիներ։ Այստեղ կասկած չկա»։

Լուսավոր Հայաստանի պատգամավորության թեկնածու Գևորգ Գորգիսյանն էլ նկատել է՝ Երևանում իրենց կուսակցությունը եղել է երկրորդ տեղում, ինչը գալիս է ապացուցելու, որ Հայաստանի ավելի սոցիալապես խոցելի վայրերում ռեսուրսները ավելի մեծ ազդեցություն են ունեցել։  

Իմ քայլը․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը․ 

Մկրտիչ Կարապետյան