14 դեկտեմբեր, 2018 13:24

Տնտեսագիտական համալսարանը դեռ «Ժողինստիտուտ» է

Ալբերտ Հայրապետյան

Ոչ լեգա՞լ, թե՞ ոչ լեգիտիմ, թե՞ երկուսը միասին

Վերջին շրջանում, մինչև նախընտրական կրքերի շիկացումը, մեդիադաշտում հիմնական նյուզմեյքերի դերը ակամա իրենց վրա էին վերցրել ուսանողները, ավելի ճիշտ՝ ուսանողների՝ հակադիր տեսակետներ, արժեհամակարգ և մղումներ ունեցող խմբերը, որոնց վեճերն իրենց բնույթով ու թեժությամբ քիչ էին տարբերվում տարբեր ազգեր ներկայացնող ագրեսիվ ֆուտբոլային ֆաների դասական վեճերից։ Բանավեճը վաղուց դուրս էր եկել ակադեմիական միջավայրին հարիր դիալեկտիկական քննարկման տրամաբանությունից և տեղափոխվել «Էլ հին ու նո՜ր, էլ հեր ու մե՜ր, Էլ գող փիսո՜, էլ քաչալ շո՜ւն» հարթություն, որտեղ բազմիցս հիշատակվեցին Սորոսը, ԼԳԲՏ-ները, Սաքունցը և այլք։

Ուսխորհուրդների գործունեության իրավական հիմքերը, մեղմ ասած, խոցելի են, ուստի դրանք կոչենք «դե ֆակտո ուսխորհուրդ»։ Իմ հարազատ բուհի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) օրինակով (որի շրջանավարտն եմ և որտեղ դասախոսելու պատիվ ունեմ) պետք է փաստեմ, որ ուսխորհրդի կանոնադրությունը չի թարմացվել 1996-ից և, եթե հավատանք այդ կանոնադրությանը, ապա մեր բուհը դեռ «ժողինստիտուտ» է, չի վավերացվել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից։

Վերջերս դե ֆակտո ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդիպել էին մի խումբ պահանջատեր ուսանողների հետ։ Խանդիպման ուշագրավ հատվածներից էին դե ֆակտո ուսանողական խորհրդի լեգիտիմ լինել-չլինելու վերաբերյալ քննարկումները, որի ժամանակ դե ֆակտո ուսխորհրդի ներկայացուցիչը բառացիորեն նշեց հետևյալը․

«Ոչ լեգիտիմ չենք, մաքսիմում կարող ենք ոչ լեգալ լինել»։ [Դե ֆակտո ուսխորհրդի կողմից ներկայացված կանոնադրության նոր նախագծով ուսանողական խորհրդի նախագահը և ֆակուլտետային նախագահները ընտրվում են ոչ թե ուղիղ ընտրությամբ, այսինքն՝ յուրաքանչյուր ուսանողի հնարավորություն տալով մասնակցել ընտրություններին և քվեարկել նախընտրելի թեկնածուներից մեկի օգտին, այլ անուղղակիորեն, այսինքն՝ ուսանողները ընտրում են ներկայացուցիչներ, իսկ այդ ներկայացուցիչները ընտրում են նախագահ]։

Աշխարհի առաջատար գրեթե բոլոր համալսարաններում, այդ թվում` Հարվարդում, Քեմբրիջում, Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում, Եվրոպայի քոլեջում (College of Europe) և այլուր, յուրաքանչյուր ուսանող հնարավորություն ունի ուղղակի, չմիջնորդավորված կերպով ընտրել ուսանողական խորհրդի նախագահ։

Վերջերս ՀՊՏՀ-ին առնչվող օնլայն հարթակներից մեկում անցկացվել էր քվեարկություն, որտեղ քվեարկողների 91%-ը կողմ էր ուղղակի, չմիջնորդավորված ընտրություններին, և «կարկառուն» ուսխորհրդականներից ոմանք դեմ էին քվեարկել։

Մի շարք հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ կանոնադրությամբ սահմանված կարգով, օրինակ, ԵՊՀ ուսանողական խորհուրդը, չի արել համագումար, ինչո՞ւ են ՀՊՏՀ ուսխորհրդականները ամեն գնով խուսափում ուղղակի, չմիջնորդավորված ընտրություններից, ինչո՞ւ հաստատված չեն ուսանողական խորհուրդների կանոնադրությունները  օրենքով սահմանված կարգով։ Չէ՞ որ, իրավական ակտերի հիերարխիա գոյություն ունի, համաձայն որի օրենքը ավելի բարձր է, քան ինչ-որ կազմակերպության կանոնադրություն։

Միգուցե կառավարման և գիտական խորհուրդներում ձայները գնահատականների կամ այլ դիվիդենտների հետ շահավետ կերպով փոխանակելո՞ւ համար, միգուցե ուսխորհրդի բյուջեի մեջ «փայ մտնելո՞ւ» համար, միգուցե ընդդիմադիր հայացքներով հայտնի ոչ ցանկալի դասախոսներին քաղաքական հետապնդումների ենթարկելու և վերջիններիս պրոֆեսոր դառնալուն խոչընդոտելու ու գիտխորհրդում դեմ քվեարկելո՞ւ համար։  

Այս հարցերից հետո թվում է թե պետք է տիրեր լռություն, սակայն բղավում են Սորոսի և Սաքունցի անունները։ Մի՞թե Սորոսն ու Սաքունցն են կազմակերպել Տարոն Մարգարյանի պաշտպանությունը, մի՞թե նրանք են ստիպել, որ 1996-ից չփոխվի և ՀՀ կրթության և գիտության նախարարության հաստատման չներկայացվի ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կանոնադրությունը։

Մի՞թե Սորոսն ու Սաքունցն են կազմակերպել Տարոն Մարգարյանի պաշտպանությունը, մի՞թե նրանք են ստիպել, որ 1996-ից չփոխվի և ՀՀ կրթության և գիտության նախարարության հաստատման չներկայացվի ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կանոնադրությունը

Վերջապես, մի՞թե 88-ամյա ամերիկացի միլիարդատեր Սորոսն էր ԱՄՆ-ից ժամանել և Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում տեղադրել մի շարք ուսանողների՝ նախկին իշխող կուսակցության անդամատոմսերը։

Իսկ թե ինչ կապ ունեն Սորոսն ու Սաքունցը, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի անդամները, երևի միայն բղավողներին է հայտնի։ Մի հարց է մնում միայն, որ պարզենք, չհաստատված կանոնադրությամբ, դե ֆակտո ուսանողական խորհրդի ղեկավարությունը ու բուհի կառավարման բարձրագույն օղակներում ուսանողի ձայնը յուրացրածներն ու ուզուրպացրածները ոչ լեգա՞լ են, ոչ լեգիտի՞մ, թե՞ երկուսը միասին։

Ալբերտ Հայրապետյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս է, տնտեսագիտության թեկնածու։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: