19 դեկտեմբեր, 2018 17:18

Կովկասն այլևս պարզապես Ռուսաստանի հարևանությունը չէ․ Թոմ դե Վաալ

Հարավկովկասյան երեք երկրներին հաջողվել է կառավարել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, կարծում է «Կարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմ դե Վաալը։ Նրա համոզմամբ՝ եթե երեք երկրների ղեկավարները որևէ հիմար բան չանեն իրենց սեփական ժողովուրդներին օտարելու ուղղությամբ, նրանք ունեն 2019-ն առանց Մոսկվայի հետ առճակատման անցկացնելու լավ հնարավորություն։ 

«Ռուսաստանն, այդուհանդերձ, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ամենաուժեղ հարևանն է, բայց գնալով դառնում է շատ հարևաններից մեկը։ Լրագրողները պետք է դադարեն այս երկրները «Ռուսաստանի հարևանություն» անվանել, էլ չասած՝ նրա «հետնաբակ»։ 

Հարավային Կովկասը ինքնուրույն տարածաշրջան է։ Եթե անգամ հարևանություն է, միաժամանակ մի քանի երկրի համար, ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրամիության, Իրանի և Թուրքիայի»,- գրում է դե Վաալը։

Հայաստանի օրինակը հեղինակն անվանում է «ցայտուն»։

«Ռուսաստանի ռազմական և քաղաքական դաշնակիցը, որը ֆինանսապես կախված է Մոսկվայից իր էներգակիրներով և ենթակառուցվածքներով, 2018-ին կարողացել է տապալել հին վարչակարգը։

Բազմաթիվ արևմտյան վերլուծաբանների զարմացրել է փաստը, որ Ռուսաստանը չմիջամտեց Թավշյա հեղափոխությանը՝ փրկելու բարեկամ վարչակարգը, բայց իրականում նման բան անելու շատ քիչ լծակներ ուներ»,- նշվում է հոդվածում։ 

Դե Վաալը գրում է, որ դեկտեմբերի 9-ի ընտրություններում տարած հաղթանակով Նիկոլ Փաշինյանն ավարտի հասցրեց իր դիտարժան հաղթարշավի վերջին փուլը։ Ընտրությունները, ի թիվս այլ բաների, ազդարարեցին Ռուսաստանի հետ սերտ կապի մերժումը։ Խորհրդարան մտած ընդդիմադիր երկու ուժերից մեկը՝ «Լուսավոր Հայաստանը», ինքն իրեն անգամ արևմտամետ է կոչում։

«Ինքը՝ Փաշինյանը, հակառուս չէ, կամ, ավելի շուտ, այդպիսին է միայն անուղղակիորեն, քանի որ խոսում է եվրոպական արժեքների և ժողովրդավարության մասին։ Բանն այն է, որ նա 43 տարեկան է և չունի խորհրդային անցյալ իր նախորդների պես։ Մեջբերելով հայ մի վերլուծաբանի՝ նա մի սերնդի ներկայացուցիչ է, որը ոչ այնքան խորհրդային է, հակախորհրդային կամ հետխորհրդային, այլ պարզապես «անխորհրդային»։ Նույն կատեգորիայում է Վրաստանի վարչապետ, 36-ամյա Մամուկա Բախտաձեն»,- շարունակում է հեղինակը։

Նա հավելում է, որ հարավկովկասյան երեք երկրներից յուրաքանչյուրին հաջողվել է կառավարել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, և եթե երեք երկրների ղեկավարները որևէ հիմար բան չանեն իրենց սեփական ժողովուրդներին օտարելու ուղղությամբ կամ չպատերազմեն միմյանց դեմ (օրինակ, Հայաստանն ու Ադրբեջանը), նրանք ունեն 2019-ն առանց Մոսկվայի հետ առճակատման անցկացնելու լավ հնարավորություն։ Եթե Կրեմլը նախընտրի գնալ մանիպուլյացիաների, ըստ դե Վաալի, դա կանի կոռումպացված էլիտաներին շահագործելով՝ ազդեցությունը պահպանելու նպատակով։