19 դեկտեմբեր, 2018 11:46

Հայ պաշտոնակցիս հետ հասել ենք որոշակի փոխըմբռնման․ Էլմար Մամեդյարով

Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղիների որոնումը մնալու է Ադրբեջանի գլխավոր խնդիրը 2019-ին․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ դեկտեմբերի 18-ին դիվանագիտական կորպուսի հետ հանդիպմանը՝ իր ղեկավարած գերատեսչության 2018-ի արդյունքներն ամփոփելիս, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը։

«Իմ ժամանակի մեծ մասը հատկացրել եմ Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղիներ որոնելուն։ Դա լինելու է նաև հաջորդ տարվա գլխավոր խնդիրը։ Հիմնական նպատակն է հասնել ինչ-որ կոնկրետ շոշափելի արդյունքների, դա ոչ միայն իմ երազանքն է, այլև, կարծում եմ, յուրաքանչյուր ադրբեջանցու երազանքը։ Կարծում եմ, որ Միլանում իմ հայ պաշտոնակցի հետ վերջին հանդիպմանը երկար ժամանակվա ընթացքում մենք առաջին անգամ հասել ենք որոշակի փոխըմբռնման»,- ասել է Մամեդյարովը։

Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ հունվարին նախատեսված է իր հանդիպումը Հայաստանի արտգործնախարարի հետ։

 «Քննարկելու ենք հակամարտության կարգավորման ուղիները։ Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա։