20 դեկտեմբեր, 2018 20:46

Անվտանգության մարմինները չպիտի լինեն հաշվեհարդարի գործիք իշխանությունների ձեռքին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, որի ընթացքում ասել է.

«Տոնական օրերին ընդունված չէ խոսել խնդիրների մասին, բայց քանի որ մենք իմաստավորում ենք նաև մեր պատմությունը, հարկ եմ համարում ընդգծել, որ, ցավոք սրտի, Հայաստանում իրավապահ մարմինները ժամանակ առ ժամանակ ներգրավված են եղել երկրում քաղաքական հետապնդումներ իրականացնելու գործին, և հիմա նույնպես մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ժամանակ առ ժամանակ հնչում են մեղադրանքներ, կասկածներ քաղաքական հետապնդումների և այլնի մասին: Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել այն փաստը, որ մեր երկրից և ընդհանրապես իրավապահ համակարգից պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որևէ կոմպոնենտ: Պետական մարմինները, անվտանգության մարմինները, իրավապահ մարմինները չպիտի լինեն, ի բնե չպիտի հնարավորություն ունենան դառնալու հաշվեհարդարի գործիք գործող իշխանությունների ձեռքին»:

․․․

Հայաստանի հատուկ ծառայությունների՝ Պետական անվտանգության մարմինների ստեղծումը հասնում է մինչև 1918 թվական, երբ նորաստեղծ Հայաստանի Հանրապետության Ռազմական նախարարության Գլխավոր շտաբում սկսեց գործել հետախուզական բաժանմունքը: 1918 թվականի օգոստոսի 8-ին Ռազմական նախարարության Գլխավոր շտաբում ծառայության նշանակվեց պորուչիկ Արտեմի Հովհաննիսյանը, ով Գլխավոր շտաբում հակահետախուզական բաժնի առաջին ղեկավարն էր: Իսկ հետախուզական աշխատանքների գծով առաջին ղեկավար է դարձել փոխգնդապետ Ալեքսանդր Շնեուրը:

Համաձայն Հայաստանի ԱԱԾ կայքի, 1919 թ. սեպտեմբերից մինչև 1920 թ. ապրիլ հետախուզական բաժանմունքը ղեկավարել է կապիտան Վահագն Մուրադյանը, որին այնուհետ փոխարինել է կապիտան Տիգրան Դևոյանը: Նշված բաժանմունքում եղել են հետախուզությամբ, հակահետախուզությամբ, ինչպես նաև գործակալների աշխատանքի ղեկավարմամբ զբաղվող ստորաբաժանումներ:

Ռազմական նախարարության Գլխավոր շտաբի հետախուզական բաժանմունքը փորձում էր աշխատանքներ ծավալել նաև արտասահմանում, առաջին հերթին՝ Անդրկովկասում, Ռուսաստանի հարավում և Հյուսիսային Կովկասում: Արտասահմանում, այդ թվում Օսմանյան կայսրության և Իրանի տարածքում հակահետախուզություն իրականացնելու նպատակով կարևոր դեր էր վերապահված արտգործնախարարությանը և դեսպանատներին ու հյուպատոսություններին։

1920 թ. դեկտեմբերի 6-ին, Հայաստանում խորհրդային կարգեր հասատատվելուց 4 օր անց Հայհեղկոմի դեկրետով ստեղծվեց Խորհրդային Հայաստանի Արտակարգ հանձնաժողովը, որը տխուր դերակատարություն է ունեցել իշխանությունից հեռացված ՀՅԴ-ականների նկատմամբ իրականացված բռնությունների մեջ:

Խորհրդային Հայաստանի Արտակարգ հանձնաժողովի առաջին նախագահ է նշանակվել Նիկոլայ Այվազովը: 1921 թ. հունվարից այն ղեկավարում էր ճանաչված բոլշևիկ Շավարշ Ամիրխանյանը (մինչև 1924 թ.), որի տեղակալն էր Սերգեյ Մելիք-Օսիպովը (1924-1929 թթ ղեկավարել է համակարգը):

1929 թ. մարտից մինչև 1930 թ. հոկտեմբեր ընկած կարճ ժամանակահատվածում Խորհրդային Հայաստանի հատուկ ծառայությունները ղեկավարել են  Սեդրակ Մարգարյանը, Հայկ Պետրոսյանը, Սեդրակ Օթյանը, որոնք, ինչպես նաև Սերգեյ Մելիք-Օսիպովը 1937-1938 թթ. դարձան ստալինյան տեռորի զոհեր:

Հայրենական պատերազմի տարիներին Հայաստանի անվտանգության մարմինները ղեկավարել է գեներալ-մայոր Գեորգի Մարտիրոսովը: Մինչև 1991 թվականը, երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, Հայաստանի անվտանգության մարմինները ղեկավարել են գնդապետ Նիկիտա Քրիմյանը, Գեորգի Մարտիրոսովը՝ երկրորդ անգամ, Սերգեյ Կորխմազյանը, Գեորգի Բադամյանցը, Արկադի Ռոգոզինը, Հրայր Միքայելյանը, Մարիուս Յուզբաշյանը, և Վալերի Բադամյանցը:

Մարիուս Յուզբաշյանը սպանվեց 1993 թ. ամռանը Երևանում։

Հայաստանի անկախությունից հետո անվտանգության մարմինների առաջին ղեկավար դարձավ Հուսիկ Հարությունյանը (1991-1992), ով 2006-ի մայիսի 3-ին դարձավ Երևան-Սոչի օդանավի աղետի զոհերից։ Նրան հաջորդեց Վալերի Պողոսյանը (1992-1993), ապա Էդուարդ Սիմոնյանցը (1993-1994)։ Վերջինս մահացել է տարիներ առաջ հիվանդությունից։

Ապա Հայաստանի անվտանգության մարմինները ղեկավարեցին Դավիթ Շահնազարյանը (1994-1995), Սերժիկ Սարգսյանը (1995-1999), Կառլոս Պետրոսյանը (1999-2004) և Գորիկ Հակոբյանը (2004-2016)՝ Հայաստանի բոլոր ժամանակների ամենաերկարակյաց անվտանգության մարմինների ղեկավարը։ Նա մահացել է մի քանի տարի առաջ՝ ծանր հիվանդությունից հետո։

2016-ի փետրվարի 12-ից համակարգը գլխավորեց Գեորգի Կուտոյանը: Հայաստանում 2018-ի ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո ՊԱԿ-ի ղեկավար նշանակվեց Արթուր Վանեցյանը:

Հայաստանի հատուկ ծառայությունները, անկասկած, առանցքային և անփոխարինելի դերակատարություն ունեն հանրապետության անվտանգության ապահովման և վերահաս վտանգների կանխարգելման գործում։

Մյուս կողմից, ցավալի է, որ իշխանությունները երբեմն հատուկ ծառայությունները օգտագործում են ներքաղաքական նպատակներով։ Կարելի է հիշել մի քանի աղմկահարույց դեպք, մասնավորապես Հայաստանի նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության, Ալեքսանդր Արզումանյանի և նրա ստեղծած անհնազանդության շարժման և Վարդան Օսկանյանի ու նրա հիմնադրած «Սիվիլիթասի» դեմ։

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: