24 դեկտեմբեր, 2018 10:59

ՀՀԿ-ն՝ Սերժով ու այս դեմքով, անելիք չունի այլևս. Թաթուլ Հակոբյան

1990թ․ ի վեր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, առաջին անգամ ներկայացված չի լինելու խորհրդարանում: ՀՅԴ-ի հետ միասին ՀՀԿ-ն քաղաքական երկրորդ ուժն է, որ անկախության ամբողջ ընթացքում ներկայություն է ունեցել օրենսդիր մարմնում: Ինչո՞ւ ՀՀԿ-ն չանցավ խորհրդարան: Ինչո՞ւ անգամ նրա ավելի քան 160 հազար անդամների մեծ մասը չքվեարկ հարազատ կուսակցության օգտին:

1990թ․ խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվեցին բացառապես մեծամասնական ընտրակարգով, նորաստեղծ ՀՀԿ-ն ունեցավ 2 պատգամավոր 260-հոգանոց Գերագույն խորհրդում՝ Աշոտ Նավասարդյան և Գագիկ Մինասյան: 1991 թվականի նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն մասնակցեց իր հիմնադիր Աշոտ Նավասարդյանով և 6 թեկնածուների մեջ զբաղեցրեց վերջին տեղը՝ ստանալով քվեների 0,19 տոկոսը:

1995թ․ Ազգային ժողովի ընտրություններում ՀՀԿ-ն մասնակցեց Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ի հետ՝ «Հանրապետություն» դաշինքով: Խորհրդարան անցան Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը և Գալուստ Սահակյանը: 1996-ի նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն իր թեկնածուով չմասնակցեց և աջակցեց Լևոն Տեր-Պետրոսյանին: Ի դեպ, ՀՀԿ-ն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը ավելի շուտ առաջադրեց, քան ՀՀՇ-ն: 1998-ի նախագահական արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ն պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանին՝ ընդդեմ Կարեն Դեմիրճյանի:

Ընդամենը մեկ տարի անց՝ 1999-ին մայիսին, ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում դաշինք կազմեց Դեմիրճյանի նորաստեղծ ՀԺԿ-ի հետ: «Միասնություն» դաշինքը ստացավ քվեների գրեթե 42 տոկոսը:

Որպես կուսակցություն՝ ՀՀԿ-ն առաջին անգամ խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով առանձին մասնակցեց 2003-ին և զբաղեցրեց առաջին տեղը քվեների գրեթե 24 տոկոսով: Խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ հաղթող որևէ ուժ մնան ցածր արդյունք չի գրանցել:

Հաջորդ՝ 2007թ. ընտրություններում, ՀՀԿ-ն կրկին առաջինն էր՝ քվեների գրեթե 33 տոկոսով: Այստեղ կարևոր է նշել, որ 1998-ի իշխանափոխությունից հետո մինչև 2018-ի ապրիլյան Թավշյա հեղափոխությունը` շուրջ 20 տարի, ՀՀԿ-ն եղել է իշխանական հիմնական կուսակցությունը:

2003-ի նախագահական ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն ոչ ՀՀԿ-ական, անկուսակցական Ռոբերտ Քոչարյանն էր:

2008-ի նախագահական ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն և առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը, Բաղրամյան 26 հասավ Մարտի 1-ի արյան ճանապարհով: 2013-ին Սերժ Սարգսյանը նախագահի աթոռը պահեց հերթական կեղծված ընտրությունների արդյունքում:

2012թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ստացավ քվեների 44 տոկոսը, 2017-ին՝ ավելի քան 49 տոկոսը: Եվ վերջապես, մի քանի շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀԿ-ն ստացավ ընդամենը 4,7 տոկոս և չանցավ խորհրդարան:

Ինչո՞ւ: Պատճառները բազմաթիվ են:

Բնական է, որ Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Հայաստանի մեծագույն մասը մերժեց Սերժին ու ՀՀԿ-ին, կուսակցությունը և նրա վերնախավը վարկաբեկվեց ամբողջությամբ: Փողոցները և հրապարակները ցնծում էին:

Սակայն մի շարք կոպիտ սխալներ թույլ տվեց նաև կուսակցությունը թույլ տվեց մի շարք կոպիտ սխալներ, որոնք ընկալելի չէին հեղափոխական զանգվածների համար և պատճառ դարձան ոչ միայն վարկաբեկման խորացման, այլև ակնհայտ ատելության:

Նախ, երբ Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական տվեց, ՀՀԿ-ն իր ամբողջ կազմով պետք է հրաժարվեր իշխանական բոլոր լծակներից, այդ թվում՝ խորհրդարանում ունեցած իր աթոռներից: Մինչդեռ ՀՀԿ-ն ոչ միայն չքաշվեց, այլ աթոռներից կառչած մնաց մինչև վերջ՝ մինչև դեկտեմբերի 9-ի խայտառակ պարտությունը: Այդ ընթացքում ՀՀԿ-ն մի քանի անգամ փորձեց խափանել նոր, ժամանակավոր կառավարության աշխատանքը, ինչը ավելի վարկաբեկեց նրան հեղափոխական զանգվածների աչքերում:

Երկրորդ, ՀՀԿ-ն թույլ տվեց նույն սխալը, ինչ ժամանակին թույլ էր տվել նրա գործընկեր ՀՀՇ-ն, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո մասնակցել էր 1999-ի խորհրդարանական ընտրություններին՝ ստանալով քվեների ընդամենը 1 տոկոսը:

Այսինքն, ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր դեկտեմբերի 9-ի ընտրություններին: Եթե անգամ մասնակցեր, ապա պետք է աներ այլ անունով կամ դաշինքով, քանի որ ՀՀԿ անունը միայն բացասական հույզեր է առաջացնում հեղափոխական ժողովրդի համար:

Ի դեպ, ՀՀԿ-ի վերնախավում քիչ չեն եղել մարդիկ, ովքեր անիմաստ են համարել մասնակցությունը դեկտեմբերի 9-ի ընտրություններին, սակայն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին դեմքերը պնդել են հակառակը: Նույն այդ մարդիկ հորդորել են Սերժին՝ չառաջադրվել վարչապետի պաշտոնում:

Եվ ամենակարևորը. Սերժ Սարգսյանը, չգիտես ինչ հաշվարկով ու հեռանկարով, չի ուզում հեռանալ ՀՀԿ-ի ղեկավարի աթոռից: Նրա՝ առաջնորդ մնալը ՀՀԿ-ում չի տեղավորվում քաղաքագիտական որևէ տրամաբանության մեջ: ՀՀԿ-ն Սերժով ու այս դեմքով անելիք չունի այլևս:

Անշուշտ, ՀՀԿ-ի շարքերում քիչ չեն մարդիկ, որոնք այլ անունով և քաղաքական այլ պայմաններում հնարավորություն ունեն մասնակցելու համապետական ընտրությունների և գրանցել հաջողություններ: Բայց դրա համար ՀՀԿ-ականները պետք է կարողանան լռել: Լռել ժամանակավորապես, որովհետև քաղաքականության մեջ երբեմն լռելը ավելի կարևոր է, քան նյարդային, ժողովրդի մեծագույն մասի համար անհասկանալի շարժումներն ու խոսքերը: Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի և մյուս ՀՀԿ-ականների արտահայտած անգամ պարզագույն ճշմարտությունները այսօր անհասկանալի են ժողովրդի համար:

Եվ վերջում՝ պատմական մի իրողություն. Հայաստանի քաղաքական պատմության ընթացքում՝ վերջին 100 տարում, իշխանական ուժեր են եղել հետևյալ կուսակցությունները. ՀՅԴ-ն 1918-1920-ին (2003-ից մինչև 2018-ի ապրիլի 25-ը ՀՅԴ-ն եղել է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը, բացառությամբ մի կարճ շրջանի, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը. 1998-ից 2003-ը ՀՅԴ-ն, մեծ հաշվով, եղել է Քոչարյանի հենարաններից մեկը), Կոմկուսը՝ 1921-ից 1990-ը, ՀՀՇ-ն՝ 1990-ից 1998-ը և ՀՀԿ-ն 1998-ից 2018-ը:

Միակը, որին հաջողվել է իշխանությունը կորցնելուց հետո վերադառնալ քաղաքականություն և լինել կենսունակ, ՀՅԴ-ն է: Կոմկուսը այսօր փաստացի գոյություն չունի: Փաստացի գոյություն չունի նաև ՀՀՇ-ն, թեև երկուսն էլ գրանցված են պետռեգիստրում:

Ի՞նչ ապագա է սպասում ՀՀԿ-ին: