26 դեկտեմբեր, 2018 11:12

Իսակովի պողոտա․ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մերձավորների հողատարածքները

2008-ին Երևանի Իսակովի պողոտայում պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին հանձնվեց անշարժ գույք։ Այս տարիների ընթացքում Քոչարյանի առանձնատան հարևանությամբ հողատարածքներ են ձեռք բերել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավորները։ Դրանց թվում են Ռոբերտ Քոչարյանի փեսան, նրա մերձավորը և որդու` Լևոն Քոչարյանի հարսանիքի քավորը, Սերժ Սարգսյանի նախկին թիկնապահները, արդադարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետը, դատավորներից մեկի հայրը, ԼՂՀ նախկին  նախագահ Արկադի Ղուկասյանի քենին և այլք։

2008-ի սեպտեմբերի 4-ին կառավարության որոշմամբ Իսակովի պողոտա 23 հասցեում գտնվող անշարժ գույքը հանձնվեց պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այդ տարածքը նախկինում ծառայել էր որպես պաշտպանության նախարարության ընդունելությունների տուն։ Ըստ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ ընդունելությունների տանը հարակից որոշ հողատարածքներ գտնվել են պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։ Հետագայում, սակայն, այս հողատարածքներն օտարվել են։

Նշված տարածքների հասցեները տրամադրելով՝ ՍիվիլՆեթը ՊՆ-ին հարցում էր ուղարկել, պարզելու, թե ինչ ընթացակարգով և ինչ գնով են այս երկու հողատարածքներն օտարվել։ Թեև ՊՆ-ին տրամադրել էինք տեղեկատվության համար անհրաժեշտ հասցեն, կադաստրային ծածկագիրն ու անձանց անունները, ում օտարվել են դրանք, ստացվել է հետևյալ պատասխանը․ «ՊՆ-ն չի կարող ըստ ծածկագրերի նույնականացնել ու տրամադրել սպառիչ տեղեկատվություն»։ Հողատարածքների օտարման մասին տեղեկատվություն չի ունեցել նաև Երևանի քաղաքապետարանը։

Ըստ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից ձեռքբերված փաստաթղթերի՝ 2006-ին Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող ու ՊՆ-ի տնօրինման ներքո գտնված երկու հողատարածքներ դարձել են Արմեն Ավետիսի Միրզոյանի (ՀՀ ընտրողների ռեգիստրում ներկայում նման անձ չկա) և Արմեն Ավետիսի Մկրտումյանի սեփականությունը։ Այնուհետև Մկրտումյանի 1,4 հեկտար մակերեսով այս հողատարածքն անցել է Կորյուն Եղիազարյանին։ Եղիազարյանը Սերժ Սարգսյանի նախկին թիկնապահներից է, պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանի տնօրենը, կոչումով՝ գնդապետ։ «Սերժի Արո» մականվամբ Եղիազարյանը Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո ներգրավվեց նաև շորթման հատկանիշներով քրեական գործում։ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչներից մեկը հաղորդում էր տվել այն մասին, որ Կորյուն Եղիազարյանը խլել է իր գազալցակայանը։ Համացանցում կա տեսանյութ, թե ինչպես է Եղիազարյանը Թավշյա հեղափոխության օրերին հարվածում, հայհոյում ու փորձում կոտրել ցուցարարներից մեկի ավտոմեքենայի ապակին:

 

Սերժ Սարգսյանի նախկին թիկնապահին պատկանող հողամասը Ծովակալ Իսակովի պողոտայում, ըստ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, շուկայական արժեքով գնահատվում է մոտ 500 միլիոն դրամ ու որպես հողատարածքի գործառնական նշանակություն նշված է հասարակական կառուցապատումը։ Կորյուն Եղիազարյանի ազգականներից Գեղեցիկ Եղիազարյանը, որը Կորյուն Եղիազարյանի հետ հաշվառված է նույն հասցեում, ևս հողատարածք ունի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ սկսած 2006-ից։ Դրա մակերեսը 0,1688 հեկտար է (1 688 քառակուսի մետր):

Իսակովի պողոտա 23 հասցեում անշարժ գույք ունի Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը։ ԱԱԾ գեներալ Վաչագան Ղազարյանը, որն այժմ կալանավորված է, մեղադրվում է ապօրինի հարստանալու և կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար։ Նույն մեղադրանքներն են ներկայացված նաև Ղազարյանի կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին։ Վերջինս իրեն պատկանող անշարժ գույքը բաժանել է երկու մասի ու երկուսում էլ որպես գործառնական նշանակություն նշված է հասարակական կառուցապատումը։ Դրանցից մեկը 0,05 (500 քառակուսի մետր) հեկտար է, իսկ երկրորդը՝ 0,1313 (1 313 քառակուսի մետր) հեկտար․ առաջինի շուկայական արժեքը գնահատվում է 17,5 միլիոն դրամ, իսկ երկրորդինը՝ մոտ 46 միլիոն դրամ։ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին հանձնած հայտարարագրում Ռուզաննա Բեգլարյանը այս տարածքները չի հայտարարագրել։

 

Իսակովի պողոտա  27/9 հասցեում է գտնվում Ռոբերտ Քոչարյանի դստեր ամուսնու՝ Վիգեն Չատինյանի՝ խառը կառուցապատման գործառնական նշանակությամբ անշարժ գույքը։ 3,7 հեկտար ընդգրկող տարածքի շուկայական արժեքը անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից գնահատվել է ավելի քան 1,4  միլիարդ դրամ։ Չատինյանը գույքի սեփականատեր է դարձել 2008-ի մայիսի 30-ին։ Մինչ Չատինյանին անցնելը այս անշարժ գույքի սեփականատերն էր Հայկ Ճշմարիտյանը, որն էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ազգականն է։ Հայկ Ճշմարիտյանի անունը տարիներ առաջ պարբերաբար հայտնվում էր մամուլում. նա կիպրոսյան օֆշորում գրանցված «Ռիվերհիլ հոլդինգս» ընկերության բաժնետերերից է։ Այդ ընկերությունն էլ համարվում էր «Գոլդեն փելես» հյուրանոցի բաժնետերը: 

Ռոբերտ Քոչարյանին հատկացված առանձնատան հարևանությամբ հսկա հողատարածքի է տիրապետում Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հարսանիքի կնքահայր, ռուսաստանաբնակ գործարար Գենադի Ստեփանյանը։ Վերջինիս պատկանող տարածքը կազմում է մոտ 5,2 հեկտար։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն նշված տարածքի շուկայական արժեք է սահմանել մոտ 1,3 միլիարդ դրամը։ Մինչ Քոչարյանի մերձավորին այս տարածքի անցնելը, այն պատկանել է «Ինգեոկոմ-Երևան» ՓԲԸ-ին։ Ռուսական ծագումով այս ընկերությունը մոտ 15 տարի առաջ մուտք էր գործել Հայաստան՝ պարտավորվելով Ջրվեժում կառուցել պաշտպանության նախարարության նոր շենքը։ Ընկերության ղեկավարությունը հանդիպումներ ունեցավ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ, խոստացվեց նաև մինչ 2008-ը 100 միլիոն դոլար ներդնել Երևանում։ Ավելի ուշ այս պայմանավորվածությունները չեղարկվեցին, և Հայաստանը ստիպված եղավ 8,5 միլիոն դոլար փոխհատուցել ռուսական ընկերությանն ու Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող և ՊՆ-ի տնօրինման տակ 4 844 քմ տարածքը հանձնեց ռուսական ընկերությանը։

Դրանից հետո` 2009-ին, Գենադի Ստեփանյանը ձեռք է բերել ռուսական ընկերության տարածքը։ Նրան են անցել նաև հարակից որոշ հողատարածքներ։ Գենադի Ստեփանյանը Ռուսաստանում գործող «Ստինկոմ» ընկերության սեփականատերն է, Հայաստան համահայկական հիմնադրամի խոշոր նվիրատու։ Օրինակ, 2008-ին Ստեփանյանը հիմնադրամին էր նվիրել 1 միլիոն դոլար։ Նա նաև արտերկրում գործունեություն ծավալող այն գործարարներից էր, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններում աջակցություն էին հայտնում Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետյանին։

Այս տարածքում հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամաս ունի Ռադիկ Օհանյանը։ Նա Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Արթուր Օհանյանի հայրն է (Արթուր Օհանյանը ներկայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է)։ Արթուր Օհանյանը դատարանի նախագահ էր 2006-ից, և այս տարվա մարտի 14-ին նրա լիազորությունները դադարեցվեցին՝ առողջական խնդիրների պատճառաբանությամբ։ Նրա հոր անունը կապվում է մի քրեական գործի հետ։ Ռադիկ Օհանյանը, հանդիսանալով Կապանի երեխաների պաշտպանության և խնամքի գիշերօթիկ հաստատության պահեստապետը, մասնակից էր դարձել յուրացումների։ Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը)։ Օհանյանն իրեն մեղավոր էր ճանաչել, դատապարտվել էր պատժի՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, դատարանը նրան մեկ տարի ժամկետով զրկել էր պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում նյութական պատասխանատու ու ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Ռադիկ Օհանյանը Իսակովի պողոտայում հողատարածք ձեռք է բերել 2006-ին։ 0,2094 հեկտար (2 094 քառակուսի մետր) տարածքով հողամասի շուկայական արժեքը անշարժ գույքի կադաստրի կոմիտեն գնահատել է ավելի քան 83,7 միլիոն դրամ։

Իսակովի պողոտա 27/3 հասցեում է գտնվում արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Աշոտ Մարտիրոսյանին պատկանող հողատարածքը։ Նա այդ պաշտոնում եղել է 2006-2009 թվականներին։ Մարտիրոսյանն այստեղ ունի երկու հողակտոր. դրանցից մեկը 0,2455 հեկտար է (2455 քառակուսի մետր)՝ խառը կառուցապատման գործառնական նշանակությամբ, իսկ երկրորդը՝ 0,275 հեկտար՝ հասարակական կառուցապատման նշանակությամբ։ Հողամասի շուկայական արժեքը կադաստրի կոմիտեի կողմից գնահատվում է ավելի քանի 260 միլիոն դրամ։

Մինչ այս տարվա հուլիսը Իսակովի պողոտայի այս հատվածում անշարժ գույքի սեփականատեր է եղել նաև «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենի տեղակալ Կորյուն Մկրտչյանը։ Նա այստեղ ունեցել է 0,2 հեկտար (1 673 քառակուսի մետր) մակերեսով հողատարածք՝ սկսած 2007-ից։ Կորյուն Մկրտչյանը 1995-2001 թվականներին եղել է ներքին գործերի նախարարության պետական պահպանության գլխավոր վարչության մատակարարման բաժնի պետը։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Կորյուն Մկրտչյանին պատկանող «Մակոր» ընկերությունը 2013-ին ավելի քան 2,6 միլիոն դոլար վարկ է վերցրել «Ամերիաբանկից»՝ «սեփականության իրավունքով պատկանող գույքով և դրամական միջոցներով երաշխավորության պայմանագրով», ապա չի կատարել պարտավորությունները։ Կորյուն Մկրտչյանը ճանաչվել է սնանկ, և նրան պատկանող անշարժ գույքը անցել է «Ամերիաբանկին»։ 

Վերը նշված անձանց հողատարածքների կողքին է գտնվում Իրինա Գաբրիելյանին պատկանող հողատարածքը։ Հայաստանի ընտրողների ռեգիստրում նման անձ չկա։ Իրինա Գաբրիելյանը ԼՂՀ քաղաքացի է, Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի քենին։ Գաբրիելյանը նաև ԼՂՀ արտգործնախարարության միջազգային կառույցների և հումանիտար համագործակցության վարչության աշխատակից է։ Հողատարածքը 0,4 հեկտար է (3 629 քառակուսի մետր)։ Իրինա Գաբրիելյանը այն սեփականության իրավունքով ձեռք է բերել 2006-ին։


Մկրտիչ Կարապետյան