ԱԺ պատգամավորներին 14 ամսվա համար տրվել է 580 միլիոն դրամի պարգևավճար. Միրզոյան

Ազգային ժողովի 132 պատգամավորի 14 ամսվա համար տրվել է ընդհանուր առմամբ 580 միլիոն դրամ պարգևավճար, որը ամսական կազմում է մոտ 240 հազար դրամ․ այդ մասին հուլիսի 8-ին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Պարգևավճարների մասին բազմիցս խոսել ենք, մի հատ էլ կանդրադառնամ այս հարցին, հուսով եմ՝ վերջին անգամ», – ասաց Միրզոյանը լրագրողի հացին ի պատասխան՝ նշելով, որ 580 միլիոն դրամ պարգևավճարի տեսքով տրվել է 132 պատգամավորի՝ 14 ամսվա համար, որը ամսական կազմում է շուրջ 240 հազար դրամ:

Նրա խոսքով՝ պարգևավճարները հարկի կամ անհարկի համարելը քաղաքական դիրքորոշման հարց է: Այնուամենայնիվ ԱԺ նախագահը համարում է, որ սա արդարացված քայլ է:

«Ես մաթեմաթիկական հաշվարկ արեցի, որպեսզի ցրենք այն թյուր կարծիքը, որ մեծ միլիոնների մասին է խոսքը», – ասաց նա՝ հավելելով, որ պարգևավճարները աշխատավարձերի 30 տոկոսով համամասնորեն տրվել են բոլոր պատգամավորներին:

Պետական բարձրաստիճան պաշտոնյաներին պարգևավճարներ տրամադրելու թեման սկսեց ակտիվորեն քննարկվել կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդրիների սրմանը զուգահեռ:

Հատկանշական է, որ կրոնավիրուսի դեմ պայքարում լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման համար կառավարությունը հատուկ հաշվեհամար է բացել գանձապետարանում, որին մինչև օրս փոխանցվել է 1,11 մլրդ դրամ:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել