ԱԺ նախագահը «հաճույքով կստորագրի» «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը

Եթե հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը չուղարկի Սահմանադրական դատարան Ազգային ժողովում վերջերս ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, ապա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «հաճույքով կստորագրի» այն:

ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում այսօր ասել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի հետ օրենսդրական փաթեթի հարցով Սահմանադրական դատարան չդիմելու վերաբերյալ պայմանավորվածություն չունեն:

«Հանրապետության նախագահի հետ այս թեմայով չեմ խոսել: Կստորագրեմ մեծ հաճույքով, երբ որ ինձ համար օրենսդրորեն, իրավական առումով Ազգային ժողովի նախագահի համար կբացվի ստորագրելու հնարավորության ժամկետը», – ասել է Արարատ Միրզոյանը:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթն Ազգային ժողովի հավանությունը ստանալուց հետո նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է Արարատ Միրզոյանին, որ չի ստորագրելու այն: Նախագահը նաև չի հստակեցրել՝ դիմելու է Սահմանադրական դատարան, թե ոչ:

Համաձայն Սահմանադրության՝ նախագահը 21-օրյա ժամկետում պետք է ստորագրի ու հրապարակի կամ նույն ժամկետում ՍԴ դիմի։ Եթե չի կատարում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի խոսնակն է հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում օրենքը:

Այսօրվա դրությամբ նախագահ Արմեն Սարգսյանն ունի ևս 12 օր «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ որոշում կայացնելու համար։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել