ՄԻԵԴ-ը չի կիրառի միջանկյալ միջոց և կքննարկի «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հիմնական հայցը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է չօգտագործել «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով միջանկյալ միջոց, որով ՍԴ արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը պահանջում էին, որ ՄԻԵԴ-ը պարտավորեցնի Հայաստանի կառավարությանը սառեցնել սահմանադրական փոփոխությունների կիրառումն ու պահպանի իրենց պաշտոնները։

ՄԻԵԴ որոշման մեջ նշված է, որ միջանկյալ միջոցի կիրառումը մերժվում է, քանի որ այն դուրս է 39-րդ կանոնի կիրառման շրջանակից և չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված հիմնական իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու ռիսկ։

ՄԻԵԴ-ը, սակայն, քննարկելու է, «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հիմնական հայցը։

ՄԻԵԴ որոշումը՝ այստեղ

***

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով լիազորությունները դադարեցրած՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը, գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել էր, որ կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հարցադրումներ է ստացել այդ բողոքի վերաբերյալ և այսօր պատասխաններ ուղարկել ՄԻԵԴ:

«ՄԻԵԴ-ից ստացվել են որոշակի հարցադրումներ ՀՀ կառավարություն, որոնց Կառավարությունը տվել է լիարժեք պատասխաններ և այսօր արդեն իսկ ուղարկել ՄԻԵԴ», – ասել էր Խաչատրյանը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել