«Շանգրի լա»-ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խաղատունը շահագործող «Օնիրա քլաբ» ընկերությանը տրված լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների կայքից։

Ըստ ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի որոշման՝ «Օնիրա քլաբ»-ը չի վճարել այս տարվա երրորդ եռամսյակի պետական տուրքի մեկ քառորդ մասը, և սա հիմք ընդունելով՝ նախարարությունը որոշել է ուժը կորցրած ճանաչել խաղատունը շահագործելու լիցենզիան։

«Շանգրի լա»-ն Հայաստանի ամենախոշոր խաղատունն է։ Ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ ֆինանսների նախարարության համապատասխան հանձնաժողովը քննարկումներ էր սկսել խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար։ Սա, ըստ էության, կատարվել էր հենց «Շանգրի լա»-ի կողմից, որը դիմում էր հանձնել լիցենզիան դադարեցնելու հարցով, իսկ հետո այն հետ վերցրել։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել