Կասեցնել Սահմանադրության գործողությունը պաշտոններ պահպանելու համա՞ր. Վահե Գրիգորյանի արձագանքը

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հարցեր է հնչեցրել առ այն, որ ՍԴ 3 նախկին դատավորներ և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ՝ պահանջելով միջանկյալ միջոց կիրառել և իրենց դիմումի քննության ընթացքում կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։

Վահե Գրիգորյանը իր նախկին գործընկերների պահանջին արձագանքել է երկարաշունչ հարցով. «Կասեցնել Սահմանադրության գործողությունն այն պաշտոնյայի պաշտոնի պահպանության համար, որի գործունեության ողջ նպատակը Սահմանադրության գերակայությունն ապահովելն է, և այդ կասեցումը հայցել միջազգային դատարանից, որը չունի նման իշխանազորություն, կասեցնելու համար մի գործընթաց, որով կասեցվելու է հայցող պաշտոնյայի դատարանի համալրումն ու վերջնական ձևավորումը, և այս ամենը Սահմանադրության գերակայությունն ապահովելու սահմանադրական պարտականություն ունեցող պաշտոնյայի միջնորդությա՞մբ …»:

Այնուհետև Սահմանադրության փոփոխության ուժի մեջ մտնելու կապակցությամբ Գրիգորյանը Սահմանադրական դատարանի նախկին անդամներ «տիկին Ալվինա Գյուլումյանին, պարոնայք Ֆելիքս Թոխյանին և Հրանտ Նազարյանին» մաղթել է, որ «իրենց վաստակած հանգիստը վայելեն ամուր առողջությամբ և խաղաղությամբ»:

***

Հուլիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է չօգտագործել «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով միջանկյալ միջոց, որով ՍԴ արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը պահանջում էին, որ ՄԻԵԴ-ը պարտավորեցնի Հայաստանի կառավարությանը սառեցնել սահմանադրական փոփոխությունների կիրառումն ու պահպանի իրենց պաշտոնները։

ՄԻԵԴ որոշման մեջ նշված է, որ միջանկյալ միջոցի կիրառումը մերժվում է, քանի որ այն դուրս է 39-րդ կանոնի կիրառման շրջանակից և չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված հիմնական իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու ռիսկ։

ՄԻԵԴ-ը, սակայն, քննարկելու է, «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հիմնական հայցը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով լիազորությունները դադարեցրած՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը, գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել էր, որ կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հարցադրումներ է ստացել այդ բողոքի վերաբերյալ և այսօր պատասխաններ ուղարկել ՄԻԵԴ:

«ՄԻԵԴ-ից ստացվել են որոշակի հարցադրումներ ՀՀ կառավարություն, որոնց Կառավարությունը տվել է լիարժեք պատասխաններ և այսօր արդեն իսկ ուղարկել ՄԻԵԴ», – ասել էր Խաչատրյանը։

Մեկնաբանել