Նոր Հայաստանի հին խնդիրները Արցախի հետ հարաբերություններում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է, որ նոր ուսումնական տարվանից սկսած Արցախում բարձրագույն կրթությունը անվճար է դառնալու: Այդ ծրագրից օգտվելու են ոչ միայն պետական համալսարանների, այլև Արցախում գործող բոլոր մասնավոր ԲՈՒՀ-երի ուսանողները: Սա ժողովրդահաճո և անարդյունավետ քաղաքականություն է, որը Արցախում բարձրագույն կրթության որակի վրա դրական որևէ ազդեցություն չի ունենալու: Այս որոշումը կայացվել է միայն քաղաքական դիվիդենտներ շահելու համար:

Բյուրոկրատիայի ուռճացման ամենակարկառուն օրինակը Անվտանգության խորհրդի հետ տեղի ունեցող գործընթացներն են: Արցախում Անվտանգության խորհուրդը խորհրդակցական մարմին է: Անվտանգության խորհրդի քարտուղարը մեծ հաշվով նախագահի խորհրդականի գործառույթներ էր կատարում մինչև վերջերս և բավականին սուղ հնարավորություններ ուներ: Անվտանգության խորհրդի աշխատակազմը իր գոյության ողջ ընթացքում բաղկացած է եղել 3-4 հոգուց: Սակայն վերջին համապետական ընտրություններից հետո իրավիճակը փոխվեց: Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի միջև տեղի ունեցած քաղաքական առևտրի արդյունքում ԱԽ-ն դե ֆակտո նոր սուպերնախարարություն է դառնում: Բաբայանը օրեր առաջ հայտարարել է, որ նոր Անվտանգության խորհրդում 110 հաստիք է լինելու: Ըստ Բաբայանի` այն զբաղվելու է տարբեր գերատեսչությունների քաղաքականության մշակմամբ և համակարգմամբ:

Արայիկ Հարությունյանը բազմաթիվ նոր հաստիքներ ու կառույցներ է ստեղծել նաև իր թիմակիցների համար: Ուռճացված բյուրոկրատիան քաղաքական նպատակներով ավելի է ուռճացվում: Այս գործընթացը կարելի է «հունական սինդրոմ» անվանել : Հունաստանում տասնամյակներ շարունակ ամեն նոր կառավարություն իր համակիրների համար բյուրոկրատական նոր հաստիքներ էր ստեղծում՝ պահպանելով նաև հները: Հունական ուռճացված ու անարդյունավետ բյուրոկրատական համակարգը այդ երկրում վերջին տնտեսական ճգնաժամի պատճառներից մեկն է համարվում:

Հայաստանի կառավարությունը քայլեր չի ձեռնարկում միջոցների անարդյունավետ օգտագործումն Արցախում կանխելու համար: Ավելին, մեծացնում է Արցախի կառավարությանը հատկացվող ֆինանսական աջակցությունը

Հայաստանի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում միջոցների այսպիսի անարդյունավետ օգտագործումն Արցախում կանխելու համար: Ավելին, նրանք մեծացնում են Արցախի կառավարությանը հատկացվող ֆինանսական աջակցությունը: Հունիսի 22-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել տնտեսական ճգնաժամին դիմակայելու համար 12,6 մլրդ դրամի չափով բյուջետային վարկ տրամադրել Արցախի կառավարությանը: Երևանը, կարծես թե, այդքան էլ հետաքրքրված չէ այն հանգամանքով, որ ֆինանսական հավելյալ աջակցության կարիք ունեցող Արցախում անվճար դիպլոմներ բաժանելու ու հարյուրավոր նոր բյուրոկրատական հաստիքներ ստեղծելու որոշումներ են կայացվում:

Երևանի և Ստեփանակերտի միջև հարաբերությունների այս մոդելը նմանություն ունի Մոսկվայի և Չեչնիայի միջև հարաբերությունների մոդելի հետ: ՀՀ իշխանությունները կայունության և լոյալության դիմաց պատրաստ են հանդուրժել ԼՂՀ իշխող վերնախավի քմահաճույքները և աչք փակել ներքին խնդիրների վրա: Երևանը, օրինակ, կարող է անտեսել այն հանգամանքը, որ Արցախում ուժային կառույցների ղեկավարներ են նշանակվում խոշտանգումների մեջ մեղադրվող և քաղաքական բռնության տարբեր աղմկահարույց դեպքերի մեջ ակտիվ մասնակցություն ունեցած գործիչներ: Արցախում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների խնդիրները շարունակում են անտեսված մնալ: Հայաստանի Հանրապետության կողմից Արցախին տրամադրվող ամենաամյա ֆինանսական աջակցությունը չի վերահսկվում, և քաղաքական նպատակներով մսխվում է ԼՂՀ իշխանությունների կողմից: Իրավիճակը փոխվել է, բայց խնդիրները մնացել են նույնը:

Արցախը՝ հայաստանյան քաղաքականության ամենազգայուն գործոններից մեկը

Արցախը և արցախյան հակամարտությունը 1990-ական թվականներից սկսած հայաստանյան քաղաքականության ամենազգայուն գործոններից են: Արցախյան թեմատիկան այն եզակիներից է, որը կարող է միասնական օրակարգի շուրջ համախմբել քաղաքական տարբեր հայացքներ ունեցող հասարակական լայն շերտերի: Հարցի այսպիսի զգայունությունը առանձնահատուկ կարևորություն է տալիս ԼՂՀ իշխող վերնախավին, որը ցանկության դեպքում համահայկական լուրջ բևեռ դառնալու ներուժ ունի և տեսականորեն կարող է խարխլել Հայաստանի իշխանությունների հեղինակությունն ու լեգիտիմությունը:

Այդ է պատճառը, որ Հայաստանի բոլոր առաջնորդները ջանքեր չեն խնայել Արցախում լոյալ և վերահսկելի իշխանություններ ունենալու համար: Այս գործընթացը սկսվել էր այն պահից, երբ 1992-ին Արցախի պատմության խորհրդարանական առաջին ընտրություններում հաղթանակ էին տարել ՀՅԴ արցախյան ճյուղի անդամները և համակիրները, իսկ Գերագույն խորհրդի նախագահ էր ընտրվել Արթուր Մկրտչյանը` դառնալով ԼՂՀ առաջին ղեկավարը:

ՀՅԴ-ն Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր ուժ էր և ակտիվ պայքար էր մղում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ: Տեր-Պետրոսյանը, բնականաբար, չէր պատրաստվում հաշտվել այդ իրողության հետ և փորձում էր Արցախում իշխանության բերել իր համակիրներից բաղկացած ճամբարին, որի ամենաակնառու ներկայացուցիչներն էին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Սամվել Բաբայանը: Մեկ տարուց ավելի տևած քաղաքական այդ պայքարի արդյունքում Երևանը կարողացավ հասնել իր նպատակին և Արցախում վերահսկողություն հաստատել իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ:

Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համար շատ ավելի հեշտ էր Արցախի ներքաղաքական գործընթացները վերահսկել: Նրանք հասկանալի պատճառներով լավ ճանաչում էին արցախյան բոլոր դերակատարներին և ունեին տարիների ընթացքում ձևավորված կլիենտալիստական ցանցեր: Քոչարյանի և Սարգսյանի իշխանության տարիներին Արցախը աստիճանաբար կորցրեց ռազմական և քաղաքական սուբյեկտայնության վերջին մնացորդները: Երևանը Ստեփանակերտին անվերապահ լոյալության դիմաց տալիս էր գործողությունների որոշակի ազատություն ներքին հարցերում և ապահովում էր բավականաչափ ռեսուրսներով Արցախում սոցիալական պայթյունները կանխելու համար: Մեծ հաշվով, ՀՀ իշխանությունները արցախյան գործոնը Հայաստանի քաղաքական կյանքում չեզոքացնելու համար գիտակցաբար սոցիալական գործառույթ իրականացնող հսկայական պետական ապարատ էին ֆինանսավորում Ստեփանակերտում և ռեպրեսիվ միջոցներով փորձում էին լռեցնել Ղարաբաղից իրենց հասցեին հնչեցվող բոլոր քննադատական կարծիքները: Զարգացման և արդյունավետ կառավարման խնդիրները երկրորդական նշանակություն ունեին: Գլխավոր նպատակը Արցախը ապաքաղաքական ու Հայաստանի իշխանություններին լոյալ միավոր դարձնելն էր:

Թավշյա հեղափոխությունից հետո լուրջ ակնկալիքներ կային, որ այս դինամիկան կփոփոխվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայաստանյան բարձրաստիճան այլ պաշտոնյաներ իրենց ելույթներում հաճախ շեշտում էին Արցախում ժողովրդավարության կարևորությունը և կոռուպցիան ու բռնությունը բացառելու անհրաժեշտությունը: Սակայն հեղափոխությունից արցախյան համապետական ընտրություններ ընկած ժամանակահատվածը ցույց տվեց, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ ՀՀ իշխանությունների համար, եթե Արցախի իշխող վերնախավը լոյալ չէ նրանց նկատմամբ:

Այդ է պատճառը, որ Արցախում նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնական Երևանի վարքագիծը գրեթե չի տարբերվում հայաստանյան նախորդ ռեժիմների պահելաձևից: Իհարկե, բավականին լուրջ բարեփոխումներ են իրականացվում բանակում, պլանավորվում են նաև աննախադեպ ենթակառուցվածքային ծրագրեր, սակայն ընդհանուր վերաբերմունքը Ղարաբաղի նկատմամբ նույնն է. Երևանը պատրաստ է ֆինանսավորել Արցախի իշխանությունների բոլոր քմահաճույքները և աչք փակել ներքին խնդիրների վրա` վերջիններիս լոյալության դիմաց:

Այս հանգամանքը հատկապես խնդրահարույց է, եթե հաշվի ենք առնում, որ Արցախի նոր իշխանությունները սկսել են նախընտրական փուլում հնչեցված պոպուլիստական մի շարք խոստումներ կյանքի կոչել, ինչպես նաև օգտագործել Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցությունը պետական բյուրոկրատիան էլ ավելի ուռճացնելու համար:

Մեկնաբանել