9 հունվար, 2019 12:34

Հայաստանը բարելավել է դիրքերը Economist Intelligence Unit-ի ժողովրդավարության համաթվում

Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit - EIU) հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է իր «Ժողովրդավարության համաթիվ 2018» զեկույցը, ըստ որի Հայաստանը կրկին դասակարգվել է որպես «հիբրիդային ռեժիմ», այդուհանդերձ, բարելավելով դիրքերը։

167 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 103-րդ հորիզոնականը` դիրքը բարելավելով 8 հորիզոնականով։

Զեկույցը Հայաստանին անդրադառնում է առանձին հատվածով՝ վերնագրված՝ «Հիբրիդային ռեժիմներ․Հայաստանը բարձրանում է, Վրաստանը՝ իջնում» (“Hybrid regimes”: Armenia up, Georgia down):

Զեկույցի հեղինակները նշում են, որ «հիբրիդային ռեժիմներ» կատեգորիայում Հայաստանը բարելավել է դիրքը, Վրաստանը՝ վատթարացրել։ 2017-ի 4․11 միավորը 2018-ում հասել է 4․79-ի՝ նախորդ տարվա 111-րդ հորիզոնականից Հայաստանը բարձրացնելով 103-րդ տեղ։

Դիրքերի բարելավման հանգամանքը փորձագետները պայմանավորում են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ և Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո սկսված հակակոռուպցիոն արշավով, ինչը բարելավել է երկրի կառավարական հաշվետվողականության և թափանցիկության ցուցիչները։

«Թավշյա հեղափոխության արդյունքում մեծացավ ընտրողների մասնակցության մակարդակը և Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու նպատակով ցույցերին մասնակող քաղաքացիների թիվը»,- ասված է զեկույցում։

«Հաղթողներ և պարտվողներ» խորագրում որպես հաղթող նշվում են Հայաստանը, Մակեդոնիան, Էկվադորը, Հաիթին և Թունիսը, իսկ որպես պարտվողներ՝ Նիկարագուան և Վենեսուելան։

Վարկանիշի առաջատարները, ինչպես նախորդ տարի, Նորվեգիան, Իսլանդիան և Շվեդիան են։ Ետնապահներն են Հյուսիսային Կորեան (167-րդ տեղ), Սիրիան (166-րդ տեղ) և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (165-րդ տեղ):