9 հունվար, 2019 13:27

ՊՆ Ռազմական ոստիկանության հայտարարությունը՝ զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի միջադեպի հետ կապված

Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը հայտարարություն է տարածել զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասին։

«2019թ․ հունվարի 8-ին՝ ժամը 10.30-ից մինչև 11.30-ը ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով հետապնդել են ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «ՊԱԶ-32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը, որի ընթացքում ճանապարհի տարբեր վայրերում կտրելով ավտոբուսի ճանապարհը, ստեղծելով վթարային իրադրություն, հարկադրել են կանգ առնել, այդ ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոտքերով հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին և վնասել այն: Շարունակելով իրենց իրավախախտ գործողությունները՝ նշված անձինք Երևան քաղաքի Շարուրի փողոցում հերթական անգամ նույն եղանակով կանգնեցրել են ավտոբուսը, նրանցից երկուսը ոտքերով հարվածելով բացել են ավտոբուսի սրահի դռները և ներս մտնելով, բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող՝ այդ պահին ավտոբուսի սրահում գտնվող ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչ Հ.Թ.-ի նկատմամբ, հարվածել վերջինիս դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, իսկ այլ անձինք, քաշելով վարորդ Վ. Մ.-ի հագուստից, դուրս են բերել նրան ավտոբուսի վարորդի խցիկից»: