9 հունվար, 2019 15:48

Քոչարյանի գործ. դատախազն ու քննիչը ինքնաբացարկ ներկայացրին դատավորին

Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով նիստը կշարունակվի հունվարի 10-ին։

Կալանքի հարցը քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ։

Հունվարի 9-ին դատարանից դուրս գալով՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ դատախազն ու քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին։ Դատավորը գնացել է խորհրդակցան սենյակ և որոշումը կհրապարակի վաղը։

«Եթե դատարանը որոշեց ինքնաբացարկի գնալ, ապա բնականաբար վաղվա նիստն էլ տեղի չի ունենա, գործը կփոխանցվի այլ դատավորի։ Հակառակ պարագայում վաղը գրավի հարցի քննությունը կշարունակվի»,- հայտնեց փաստաբանը։

Պաշտպանական կողմն առարկել է դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանը։

Հարցին, թե որն է ինքնաբացարկի միջնորդության հիմքը, Ալումյանը պարզաբանեց. «Նույն գործով մեկ այլ մեղադրյալի դեպքում դատավորն ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, որ իրենք ընտանիքներով բավականին երկար ժամանակ մոտիկ են եղել»։

Դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ է հայտնել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի գործով։ Դատավորը հայտնել է, թե իր ամուսինը նախկինում զբաղեցրել է դատախազի պաշտոնն ու մոտ հարաբարերություններ է ունեցել Վահագն Հարությունյանի հետ։

Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերի կողմից կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինելու գործի շրջանակում՝ մի քանի հոդվածներով։

***

Ռոբերտ Քոչարյանին 2018-ի հուլիսին մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Հատուկ քննչական ծառայությունը գաղտնազերծել էր 2008-ի փետրվարի 23-ին այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած հույժ գաղտնի՝ թիվ 0038 հրամանը, որով «զինված ուժերը ներգրավվել էին քաղաքական գործընթացներում»։

ՀՔԾ-ի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանը որոշեց կալանավորել Քոչարյանին երկու ամսով, սակայն օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցի և այն գրավով փոխարինելու միջնորդություններին նույնիսկ անդրադարձ չկատարեց՝ արձանագրելով, որ որպես պաշտոնաթող նախագահ Քոչարյանն ունի անձեռնմխելիություն։

Գևորգ Թոսունյան