10 հունվար, 2019 17:37

ՄԻԵԴ վճռով Ադրբեջանը Խադիջա Իսմայիլովային պետք է վճարի 15 հազար եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունվարի 10-ին հրապարակել է Ալիևների ընտանիքի կոռուպցիոն գործունեության բացահայտումներով հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի հայցով որոշումը։

Ըստ վճռի՝ Իսմայիլովայի իրավունքները խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ (հարգանք անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ) և 10-րդ (արտահայտման ազատություն) հոդվածներով։

Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին Իսմայիլովային վճարել 15 հազար եվրոյի փոխհատուցում, ինչպես նաև 1750 եվրո դատական ծախսերի համար։

Իսմայիլովան 2005-ից զբաղվում է հետաքննական լրագրությամբ և հայտնի է իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ։

Սա ՄԻԵԴ-ի երկրորդ որոշումն է Իսմայիլովայի հայցով։ Նախորդն ընդունվել էր 2017-ի ապրիլին։