11 հունվար, 2019 10:21

Նոր խորհրդարանը և հները

Երեկ 132 պատգամավորներ ստացան մանդատներ, նոր խորհրդարանը սկսում է իր գործունեությունը: Նրա արդյունավետության մասին կարող ենք խոսել ավելի ուշ: Այս խորհրդարանը, համեմատած նախկինների, ավելի երիտասարդ է և ստացել է ավելի որակյալ կրթություն: Պատգամավորները, որոնց մի մասին հանրությունը չի ճանաչում, ունի մեկ այլ առավելություն՝ նրանք չունեն խորհրդային անցյալ, ավելի շատ ներկայացնում են Հայաստանի անկախության սերունդը: Նրանք մանդատագողեր չեն, նրանց ժողովուրդն է վստահության քվե տվել 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններում, որոնց օրինականությունը կասկածի տակ չեն դրել ո՛չ տեղական, ո՛չ միջազգային դիտորդները և ո՛չ էլ՝ ընդդիմությունը:

Անշուշտ, քիչ չեն նաև այս՝ դեռևս գործունեություն չծավալած խորհրդարանի քննադատողները: Մասնավորապես, նշվում է, որ խորհրդարանում չկա հակակշիռ, Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» ուժը ունի անվերահսկելի մեծամասնություն: Քիչ չեն նաև նրանք, ովքեր կարծում են, որ 132 պատգամավորը շռայլություն է 2,8 միլիոնանոց Հայաստանի համար:

Եկեք տեսնենք, թե 1918-1920 և 1991-2019 թվականներին, այսինքն՝ Հայաստանի անկախության շրջանում, ինչպիսին են եղել մեր խորհրդարանները: Նախապես նշենք երկու թիվ. Հայաստանի ոչ մի խորհրդարանում ընդդիմությունը 25 տոկոսից ավելի աթոռներ չի ունեցել, իսկ պատգամավորների ամենամեծ թիվը եղել է 260՝ կրկնակի ավելի, քան այսօր է:

Հայաստանում առաջին խորհրդարանական ընտրությունները կայացել են 1919 թվականի հունիսին: Այդ ժամանակ Հայաստանի բնակչությունը շուրջ 700 հազար էր: Խորհրդարանում պատգամավորների թիվը 82 էր, որոնցից 74-ը՝ ՀՅԴ-ական: Այսինքն, այն ժամանակ օրվա իշխող ուժը՝ Դաշնակցությունը, զբաղեցնում էր խորհրդարանի աթոռների գրեթե 90 տոկոսը: Ի դեպ, այն ժամանակ, ինչպես և այսօր, Հայաստանը ուներ խորհրդարանական կառավարում, վարչապետը երկրի թիվ մեկ դեմքն էր:

1990-1995թթ․ Գերագույն խորհրդում՝ խորհրդարանում, որն ընտրվել էր, երբ դեռ Հայաստանը իրավաբանորեն Խորհրդային Միության մաս էր կազմում, պատգամավորների թիվը 260 էր: Ճիշտ է, խորհրդարանում նախկին կոմունիստներից և ՀՀՇ-ականներից ձևավորվեցին երկու նոր խմբակցություններ՝ ՀՅԴ և Ռամկավար, սակայն այդ խորհրդարանում իշխող ուժը կազմում էր մեծամասնություն՝ ունենալով աթոռների առնվազն երեք քառորդը:

1995-1999թթ. խորհրդարանն ուներ 190 պատգամավոր, որտեղ բացարձակ մեծամասնություն էին կազմում օրվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Միայն նշենք, որ խորհրդարան անցած երեք ընդդիմադիր ուժերը միասին ունեին ոչ ավելի, քան աթոռների մեկ քառորդը:

1999-2003թթ. խորհրդարանը ևս ուներ 190 պատգամավոր: Իշխանական ուժը՝ Միասնություն դաշինքը, ստացել էր քվեների 42 տոկոսը: Կրկին, այս խորհրդարանում, ընդդիմությունը չուներ մեկ քառորդից ավելի աթոռներ:

2003-2007թթ. խորհրդարանում պատգամավորների թիվը կրճատվեց և հասցվեց 131-ի: Առաջին անգամ ձևավորվեց կոալիցիա, որը, ինչպես և հաջորդ բոլոր կոալիցիաները, քաղաքական առումով նոնսենս էր, քանի որ իշխող ուժը կարող էր միայնակ ձևավորել կառավարություն, սակայն, ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից ելնելով, ոչ թե ընդդիմությանը, այլ իր հետ գործակցող այլ կուսակցությունների, բաժանում էր նախարարական, մարզպետական պորտֆելներ և ավելի ցածր պաշտոններ: Այս խորհրդարանում ևս ընդդիմությունը չուներ առթոռների մեկ քառորդից ավելին:

2007-2012թթ. խորհրդարանում, որն ուներ 131 պատգամավոր, ընդդիմությունը ներկայացված էր ընդամենը 6 տոկոս քվե ստացած ընդդիմադիր Ժառանգություն կուսակցությամբ: Մյուսները իշխանական կուսակցություններ էին:

2012-2017թթ. խորհրդարանում` 131 պատգամավոր, ընդդիմադիր էին երկու ուժեր՝ ՀԱԿ-ն ու Ժառանգությունը, որոնք միասին ունեին 12 պատգամավոր:

Եվ, վերջապես, 2017 թվականին ձևավորված խորհրդարանում ՝ 105 պատգամավոր, ընդդիմություն էր միայն «Ելք» խմբակցությունը՝ 9 պատգամավոր:

Այս՝ նորընտիր խորհրդարանում, պատգամավորների թիվը 132 է, քանի որ դա արդյունք է 2015-ին ընդունած Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի: Այդ 132-ից 88-ը ներկայացնում է իշխանական «Իմ քայլը», 26-ը՝ ԲՀԿ-ն, 18-ը՝ Լուսավոր Հայաստանը:

Անկասկած, երբ ընտրություններում, անգամ երբ դրանք չեն կեղծվում, ինչպես դեկտեմբերի 9-ին, իշխանական ուժը ստանում է քվեների ավելի քան 80 տոկոսը, դա շատ վտանգավոր է ժողովրդավարության և հակակշիռների մեխանիզմ ունենալու տեսանկյունից:

Բայց եկեք մի քիչ էլ սպասենք և տեսնենք, թե ինչպիսին է լինելու այս խորհրդարանը: Եկեք տեսնենք՝ այս խորհրդարանը ևս դառնալո՞ւ է գործադիրի՝ նախագահի կամ վարչապետի հլու կամակատարը, թե՞, այնուամենայնիվ, Հայաստանում գործադիրը, օրենսդիրը և դատական իշխանությունը գործելու են անկախ՝ ըստ Սահմանադրության և օրենքների: