12 հունվար, 2019 14:50

Արամի 23 շենքի պատը հնարավոր է վերականգնել․ Արթուր Մեսչյան

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը համարում է, որ Արամի 23 շենքի պատի փլուզումը անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների հետևանք էր: Այս մասին նա ասել է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում։

Ըստ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի, շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել:

«Փառք աստծո, մարդկային զոհեր չկան, պատը հնարավոր է վերականգնել և վերադարձնել շենքի մշակութային արժեքը: Սա պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն էնպես, որ չլինի նույն պատմությունը: Կարծում եմ, որ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետև բավական անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների հետևանք էր: Կարելի էր պատը հանգիստ ամրացնել, խուսափել փլուզումից և հանգիստ շարունակել աշխատանքները»,- ասել է գլխավոր ճարտարապետը՝ հույս հայտնելով, որ մշակույթի նախարարությունը, որի իրավասության տակ են հուշարձանները, «Հին Երևանի» ճարտապետի հետ կմշակի մի նախագիծ, որով կապահովվեն գոյություն ոնեցող հուշարձանների պահպանությունը, և հուշարձանների շուրջ տեղի ունեցող որևէ շինարարություն չի վնասի գոյություն ունեցող կառույցները:

Երևանի Արամի 23 հասցեում գտնվող Հին Երևանից մնացած հազվագյուտ շենքերից մեկի պատը փլուզվել է հունվարի 11-ի երեկոյան։