14 հունվար, 2019 13:01

Բաքուն այլևս հայերի քաղաքը չէ

1990 թվականի այս օրերին՝ հունվարի 13-15-ը, Բաքուն զրկվում էր իր պատմության կարևոր հատվածից։ Նավթի քաղաքը 19-րդ դարի 50-ական թվականներից սկսած հայությանը՝ հիմնականում Արցախից և Սյունիքից, դեպի իրեն էր ձգում։ Շուրջ 150 տարի հայերը առանցքային դերակատարություն ունեցան Բաքվի կառուցման, շենացման ու զարգացման գործում։ Շատ հայեր Բաքվի նավթի շնորհիվ կուտակեցին հեքիաթային հարստություն՝ Մանթաշով, Արամյանց, Միրզոև․․․։

Շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը մինչև վերջ հավատաց Բաքվի ինտերնացիոնալ պատրանքին և վերջին հայերից էր, որը կյանքը փրկելու համար ստիպված եղավ հեռանալ իր սիրելի քաղաքից։ Նույն 1990-ին նա՝ արդեն ոչ բաքվեցի, աշխարհի չեմպիոնության պայքարում հաղթեց տարիների իր մրցակից Անատոլի Կարպովին։

Ոսկերչական «Կառլոֆ» ֆիրման Կասպարովին նվիրեց ադամանդակուռ թագ, որի վրա կար 1118 սև ու սպիտակ ադամանդ: Նա որոշեց վաճառել թագը և գումարը փոխանցել հայ փախստականներին, այն մարդկանց, որոնց հետ կառուցել էր Բաքուն և ինտերնացիոնալ գույն տվել Կասպիցի ափին փռված քաղաքին: Անգամ գնորդ էր հայտնվել՝ ինչ որ մի արաբ շեյխ: Սակայն շեյխն անհետացավ, իսկ Կասպարովը արդեն գումարը խոստացել էր փախստականներին: Այդ ժամանակ օգնության եկավ Կալմիկիայի առաջնորդ և ՖԻԴԵ-ի նախկին նախագահ Կիրսան Իլյումժինովը, որը գնեց ադամանդակուռ թագը։

Տարիներ առաջ ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Նելլի Ղուկասյանը ինձ սարսափով պատմում էր, թե ինչ է տեսել իր սիրելի քաղաքում՝ 1990 թվականի հունվարի այս օրերին։

«Ես իմ տան պատուհանից թաքուն նայում և տեսնում էի, թե ինչ է կատարվում փողոցում. խարույկներ էին վառում, թալանում հայերի ունեցվածքով բեռնված մեքենաները: Մեր շենքի երկրորդ հարկում բնակվում էր Ալլա Խաչանյանը: Երբ նրա տան դուռը սկսեցին կացինով ջարդել, աղջիկը պատուհանից իրեն նետեց փողոց: Մարդկանց և կահկարասին նետում էին բարձրահարկ շենքերից: Սարսափելի տեսարան էր: Երբ մենք խնդրում էինք զիվորների օգնությունը, նրանք ասում էին, որ հրաման չունեն: Մեզ իրենց տանը թաքցրին Երևանից ադրբեջանցի փախստականները, երբ Ժողճակատի գրոհայինները ջարդում էին հայերի բնակարանների դռները: Ես և ամուսինս մեր ռուս հարսի օգնությամբ հասանք Բաքվի նավահանգիստ, այնտեղից` Կրասնովոդսկ (այժմ Թուրքմենբաշի)»:

Ինչպես և Սումգայիթում, հարձակվողների գործողություններն աչքի էին ընկնում առանձնահատուկ դաժանությամբ: Մարդկանց նետում էին վերին հարկերի իրենց բնակարանների պատշգամբներից, ամբոխը հարձակվում և երկաթյա ձողերով, դանակներով սպանում էր հայերին, ուղղակի զավթում նրանց բնակարանները, ունեցվածքը: Թե որքան հայեր են սպանվել Բաքվի ջարդերի օրերին`հստակ անհնար է ասել. հայերը նշում են 150, ներառյալ նրանք, ովքեր ստացած վերքերից մի քանի օր անց մահացան Թուրքմենստանում և այլուր: Ադրբեջանցի հետազոտող Արիֆ Յունուսովը նշում է 86 թիվը:

Ադրբեջանի ընդդիմադիր Ժողճակատ կուսակցության առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է. «Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվոր, որոնք մեքենայով` 20 մետրի վրա, անցան այդ ածխացած դիակների մոտով և ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»: Այս սահմռկեցուցիչ պատկերը նկարագրելուց հետո Մամեդովը արդարացրել է Ժողճակատին. «Հենց մե՛ր ակտիվիստները շրջափակեցին այդ շրջանը և միլիցիայի բաժանմունքից պահանջեցին ցրել ամբոխը»:

Բաքվի հայկական ջարդերը տեղի էին ունենում այն օրերին, երբ Ադրբեջանում իշխանության էր ձգտում Ժողճակատը: Մի կողմից Ադրբեջանի կոմունիստական ղեկավարությունը իշխանությունը պահելու համար Մոսկվայից օգնություն էր ակնկալում ճակատայինների դեմ պայքարում, մյուս կողմից` համագործակցում նրանց հետ:

Գորբաչովը հեռուստատեսությամբ հայտարարում է, որ Բաքվում իրադարձությունները ողբերգական բնույթ են ստացել` «ջարդեր, սպանություններ, անմեղ մարդկանց իրենց բնակարաններից հանում և  արտաքսում էին»: Խորհրդային պետության առաջին և վերջին նախագահը, ինչպես Սումգայիթի դեպքում, խուսափում է իրերն իրենց անուններով կոչելուց: Ինչպես Սումգայիթում, այնպես էլ` Բաքվում, զորքերը մտցվում են միայն այն ժամանակ, երբ արդեն հայկական ջարդերն ավարտված էին: Թվում է՝ զորքեր կարող էին և չմտցվել, եթե Ադրբեջանում վտանգի տակ չլիներ խորհրդային իշխանությունը:

Հունվարի 15-ին, երբ Բաքվում շարունակվում էին հայկական ջարդերը, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը  ընդունում է «ԼՂԻՄ-ում և մի քանի այլ շրջաններում արտակարգ դրություն հայտարարելու» որոշում: Արտակարգ դրություն է մտցվում Լեռնային Ղարաբաղում, նրան սահմանակից Աղդամի, Լաչինի, Միրբաշիրի, Քելբաջարի, Ջեբրայիլի, Ֆիզուլիի և Ղուբաթլուի, հետագայում` Շահումյանի շրջաններում: Մինչդեռ Բաքվում արտակարգ դրություն հայտարարվում է միայն հունվարի 19-ին, երբ հայկական ջարդերը, ըստ էության, ավարտվել էին, և մայրաքաղաքում հայեր չէին մնացել:

Մոսկվան, հայկական ջարդերն օգտագործելով որպես պատրվակ, զորքեր մտցրեց Բաքու` ջախջախելու իշխանության ձգտող Ժողճակատին: Խորհրդային զորքերն Ադրբեջանի մայրաքաղաք են հասնում հունվարի 19-ին` ԽՍՀՄ զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ալեքսանդր Լեբեդի գլխավորությամբ: Գործողությունը համակարգում էր պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը: Մի քանի օր անց նա խոստովանել է, որ զորքերը Բաքու են մտցվել «Ժողճակատի կողմից իշխանությունը կոմունիստներից զավթելու փորձը կանխելու նպատակով»:

Սպանվում են հարյուրից ավելի ցուցարարներ և գրոհայիններ, որոնց մի մասը մասնակցել էր Բաքվի հայկական ջարդերին: Խորհրդային տանկերի թրթուրների տակ ճզմվում են նաև տասնյակ խաղաղ քաղաքացիներ, հարյուրավորները վիրավորվում են: Բախումների ընթացքում սպանվում են խորհրդային բանակի ավելի քան երկու տասնյակ զինվորներ, ինչը նշանակում է, որ քաղաքում ընթացել են մարտեր:

Երկարատև լռությունից հետո կրկին ասպարեզ է իջնում Հեյդար Ալիևը, որը 1987թ. քաղբյուրոյից հեռացվելուց հետո շարունակում էր բնակվել Մոսկվայում: Բաքու զորքեր մտցնելուց  հետո Ալիևը Մոսկվայի Ադրբեջանի ներկայացուցչությունում դատապարտում է այդ քայլը, իսկ որոշ ժամանակ անց վերադառնում ծննդավայր` Նախիջևան:

Դառնալով Նախիջևանի առաջնորդ (1993-ին պիտի տեղափոխվեր Բաքու)՝ Ալիևը ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցին պատմել է, թե ովքեր էին «սև  հունվարի» մեղավորները: «Դա Մոսկվայի ՊԱԿ-ն էր և Ադրբեջանի ՊԱԿ-ն էր, նաև` Ադրբեջանի ողջ ղեկավարությունը: Նրանք բոլորը ներգրավված էին հունվարի 12-ին, 13-ին և 14-ին Բաքվի հայերի վրա հարձակումներում, ապա նորից` հունվարի 20-ին, երբ խորհրդային զորքերը գրոհեցին Ադրբեջանը: Այդ ամենը Մոսկվայի ծրագիրն էր, որին մասնակից էր ադրբեջանական ղեկավարությունը` Վեզիրովն ու Մութալիբովը»:

Բաքվի ողբերգական իրադարձություններից ավելի քան 15 տարի անց Գորբաչովը խոստովանել է, որ իր հրամանով են զորքեր մտցվել Ադրբեջանի մայրաքաղաք. «Իրադարձությունները Բաքվում դարձել էին անկառավարելի, Գերագույն խորհուրդը և կոմկուսը կաթվածահար էին, քանդվել էր երկու հարյուր կիլոմետրանոց պետական սահմանը, հարձակումներ էին կատարվում տեղական մարմինների վրա: Ես շտապ Բաքու գործուղեցի Եվգենի Պրիմակովին և Անդրեյ Գիրենկոյին, ովքեր առաջարկեցին արտակարգ իրավիճակ հայտարարել ու զորքեր մտցնել: Այժմ էլ համարում եմ, որ դրանով կանխվեց ավելի մեծ արյունահեղությունը»: