14 հունվար, 2019 19:33

Հայաստանի բոլոր խորհրդարանների բոլոր նախագահները

Փակ գաղտնի քվեարկությամբ այսօր Ազգային ժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլ»-ը դաշինքից 39-ամյա Արարատ Միրզոյանը։ Հայաստանի անկախության շրջանում նա երկրորդ ամենաերիտասարդ խոսնակն է Արթուր Բաղդասարյանից հետո: Վերջինիս 35 տարին դեռ չէր լրացել, երբ դարձավ խորհրդարանի նախագահ 2003 թվականի հունիսին:

Հայաստանի պատմության մեջ առաջին օրենսդիր մարմինը՝ պառլամենտը, ձևավորվել է 1918 թվականի ամռանը՝ Հայաստանի Հանրապետության հռչակումից երկու ամիս անց: Օրենսդիր մարմինը ձևավորվել էր ոչ թե ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածության արդյունքում:

Առաջին խորհրդարանը, որը կրում էր Խորհուրդ անունը, ձևավորվեց  Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի անդամների եռապատկումով, ինչպես նաև 6 թուրքերի (այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցիներ) ու մեկական ռուսի և եզդու ներգրավումով, ընդամենը՝ 46 պատգամավոր, որից  38-ը՝ հայեր: Խորհրդում ներկայացված էին հետևյալ քաղաքական ուժերը. Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայ ժողովրդական կուսակցություն (ռամկավարներ), Սոցիալ դեմոկրատներ և Սոցիալիստ հեղափոխականներ:

1918 թվականի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում բացվեց Հայաստանի Խորհրդի անդրանիկ նիստը, որի բացման պատիվը տրվեց ՀՅԴ-ական Ավետիք Սահակյանին: Խորհրդի անդամների՝ պատգամավորների անունները ընթերցվելուց հետո, առաջին խորհրդարանի նախագահ ընտրվեց հենց Սահակյանը:

1919-ի ամռանը կայացած ընտրություններից հետո խորհրդարանի նախագահ դարձավ Ավետիս Ահարոնյանը՝ պաշտոնավարելով 1919-ի օգոստոսից մինչև 1920-ի նոյեմբեր: Հայաստանի Հանրապետության գոյության վերջին օրերին խորհրդարանի նախագահը Հովհաննես Քաջազնունին էր՝ առաջին վարչապետը:

Խորհրդային Հայաստանը 70 տարիների ընթացքում ունեցել է խորհրդարանի 14 նախագահներ: 1920-1921 թթ. Խորհրդային Հայաստանի խորհրդարանը կոչվել է ՀԽՍՀ Ռազմահեղափոխական կոմիտե, 1921-1938 թթ.՝ ՀԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտե, 1938-1991 թթ.՝ Գերագույն սովետ կամ խորհուրդ:

Ահա խորհրդարանի բոլոր նախագահները՝ Սարգիս Կասյան (29.11.1920-1921),  Ալեքսանդր Մյասնիկյան (1921-1922), Սարգիս Համբարձումյան (1922-1925), Արտաշես Կարինյան (1925-1928), Արմեն Անանյան (1930-1933), Սերգո Մարտիկյան (1933-1936), Գևորգ  Հանեսօղլյան (1936-1937), Մացակ Պապյան (1937-1938 և 1938-1954), Խաչիկ Հակոբջանյան (1938), Շմավոն Առուշանյան (1954-1963), Նագուշ Հարությունյան (1963-1975), Բաբկեն Սարկիսով (1975-1985), Հրանտ Ոսկանյան (1985-1990), Լևոն Տեր-Պետրոսյան (1990-1991)

Անկախ Հայաստանի խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի, 1995-ից՝ Ազգային ժողովի, առաջին նախագահ կարելի է համարել Լևոն Տեր-Պետրոսյանին, եթե ընդունենք, որ 1990-ի օգոստոսից Հայաստանը փաստացի եղել է անկախ: Հայաստանը Անկախության հռչակագիրը ընդունել է 1990-ի օգոստոսի 23-ին, երբ Գերագույն խորհրդի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Դե-յուրե, սակայն, Հայաստանը անկախության է հասել 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով, որը իրավաբանական ուժ է ստացել երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ի խորհրդարանի քվեարկությամբ:

Սեպտեմբերի 21-ի հանրաքվեից հետո՝ մինչև 1991-ի հոկտեմբերի 16-ի առաջին նախագահական ընտրություններ, Տեր-Պետրոսյանը եղել է խորհրդարանի նախագահը:

Այսպիսով, 1990-ից սկսած Հայաստանի խորհրդարանի նախագահներ են եղել. Լևոն Տեր-Պետրոսյանը (4 օգոստոսի 1990 – 16 հոկտեմբերի 1991), Բաբկեն Արարքցյանը (26 հոկտեմբերի 1991 – 4 փետրվարի 1998), Խոսրով Հարությունյանը (4 փետրվարի 1998 – 7 հունիսի 1999), Կարեն Դեմիրճյանը (17 հունիսի 1999 թ. – 27 հոկտեմբերի 1999 թ.), Արմեն Խաչատրյանը (2 նոյեմբերի 1999 թ. – 12 հունիսի 2003 թ.), Արթուր Բաղդասարյանը (12 հունիսի 2003 թ. – 21 մայիսի 2006 թ.), Տիգրան Թորոսյանը (1 հունիսի 2006 թ. – 26 սեպտեմբերի 2008 թ.), Հովիկ Աբրահամյանը (29 սեպտեմբերի 2008 թ. – 21 նոյեմբերի 2011 թ.), Սամվել Նիկոյան (6 դեկտեմբերի 2011 թ. – 31 մայիսի 2012 թ.), Հովիկ Աբրահամյանը (31 մայիսի 2012 թ. – 13 ապրիլի 2014 թ.), Գալուստ Սահակյանը (29 ապրիլի 2014 թ. – 18 մայիս 2017) և Արա Բաբլոյանը (18 մայիս 2017-ից):

Թաթուլ Հակոբյան

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: