14 հունվար, 2019 12:13

Մեկնարկել է յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքը

Հունվարի 14-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը:

Խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին շնորհավորանքի եւ ողջույնի խոսք են հղել Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նորընտիր պատգամավորները երդվել են:

ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Պատգամավորների ընդհանուր թիվը 132 է: «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան հոդվածի դրույթների համաձայն՝ յոթերորդ գումարման խորհրդարանում գործելու է 3 խմբակցություն:

Օրակարգում ընդգրկված է 7 հարց՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, Կառավարության առաջարկությամբ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց: