15 հունվար, 2019 17:31

Առավել քան ուրախ կլինենք բարձրացնելու Իսրայելի հետ հարաբերությունների մակարդակը. Մնացականյան

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իսրայելական Jerusalem Post պարբերականին։ Մնացականյանն ասում է, որ Հայաստանը պատրաստ է բարձրացնել Իսրայելի հետ հարաբերությունների մակարդակը: «Մենք շատ տարբեր ենք մեր հարևաններից, ունենք երկար պատմություն, վերապրել ենք բազմաթիվ պատերազմներ և նվաճումներ։ Մենք գիտենք՝ ինչպես հարմարվել տարբեր մշակույթների։ Հայաստանն այնքան բան ունի առաջարկելու Իսրայելին գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիայի, կրթության և նորարարության ոլորտներում»,- ասել է Մնացականյանը։

- Ինչպե՞ս ընդունեցիք այն փաստը, երբ Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը չեղարկվեց։

- Այդ քվեարկությունը չէր նշանակում սոսկ Հայոց ցեղասպանության ճանաչում։ Այն նշանակում էր բարոյական դիրքորոշման որդեգրում։ Ցեղասպանվել էր 1,5 մլն մարդ։ Իմ նախնիները ցեղասպանության վերապրածներ են, որոնք ապաստան են գտել Թբիլիսիում։ Իմ ազգականներից շատերն են սպանվել Ցեղասպանության ժամանակ։ Բայց մենք մեզ զոհ չենք զգում։ Չէի ասի, որ հիասթափված չէինք փաստից, որ քվեարկությունը տեղի չի ունեցել։ Մենք գիտենք, որ այս հարցը դարձել է առևտրի առարկա Թուրքիայի հետ ձեր հարաբերություններում, և դա շատ ցավալի է։

- Արդյոք կա՞ երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցություն։

- Հայաստանը չափազանց մեծ կարևորություն է տալիս իր անվտանգության հարցերին, հատկապես, Լեռնային Ղարաբաղի հետ կապված։ Այնտեղի ժողովուրդը վտանգված է։ Քաջ հայտնի է, որ Իսրայելը զենք է վաճառել Ադրբեջանին։ Դա չի նշանակում, սակայն, որ մենք չէինք ցանկանա զարգացնել մեր հարաբերությունները Իսրայելի հետ, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ 

Մենք ունենք շատ երկար պատմություն Իրանի հետ։ Նրանք շատ լավ գիտեն մշակութային այն ներդրման մասին, որը Հայաստանն արել է Իրանում։ Քանի որ ունենք թշնամական հարաբերոթյուններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Իրանը մեզ համար ծառայում է որպես կյանքի կարևոր խողովակ։ Մենք ունենք լավ հարաբերություններ բազմաթիվ երկրների հետ, և մեզ համար կարևոր է, որ մի երկրի հետ հարաբերությունները չվտանգեն մեր կապերը մյուսների հետ։

- Ի՞նչ եք կարծում` Իրանն ինչպե՞ս կընդունի, եթե Հայաստանի հարաբերություններն Իսրայելի հետ շարունակեն ջերմանալ։  

- Ինչպե՞ս ասացի, մի երկրի հետ մեր հարաբերությունները չպետք է սպառնան մյուսների հետ մեր կապերին։

- Ի՞նչ եք կարծում պաշտպանության նախարարի պաշտոնից Ավիգդոր Լիբերմանի հեռանալու մասին։ Նա բավական ակտիվ էր Կովկասում, չէ՞։

- Չեմ կարծում, որ այդ պատճառով քունս կորցնելու եմ։ Նա մարդ է, որը զենք էր վաճառում մեր հակառակորդին՝ Ադրբեջանին։

- Ադրբեջանական աղբյուրները գրել են, որ Երևանում տեղադրվել է նացիստների հետ համագործակցած հայ ազգայնական Գարեգին Նժդեհի մեծ արձանը։ Ի՞նչ կասեք այդ մասին։

- Մարդիկ պետք է ուշադիր լինեն հայտարարություններ անելիս։ Դա մեր հակառակորդների կողմից արվող պարզ քարոզչություն է։

- Ձեզ անհանգստացնո՞ւմ է, որ Հայաստանն ու Իսրայելը դեսպանատներ չունեն միմյանց երկրներում։

- Ես լավատես եմ, որ դա շուտով կլինի։ Մենք առավել քան ուրախ կլինենք բարձրացնելու Իսրայելի հետ մեր հարաբերությունների մակարդակը։

- Դուք կհամաձայնե՞ք Հայաստանի ապագա դեսպանատունը բացել Երուսաղեմում։

- Մենք հասկանում ենք այդ հարցի նրբին բնույթը և ջանք կգործադրենք, որ դրական ուղղությամբ շարժ լինի։