17 հունվար, 2019 12:16

Իրան․ մեր նեղ օրերի լավ բարեկամը

Այս հարցին յուրաքանչյուրդ պատասխանեք լռելյայն․ Իրանը ավտորիտա՞ր երկիր է, թե՞ ժողովրդավարական։ Ես, որ գործի բերումով ավելի քան 20 անգամ եղել եմ այդ երկրում՝ Ուրմիայից Պարսից ծոց ու Կասպիցի Սարի քաղաքից՝ Թավրիզ, նույնպես լռելյայն կպատասխանեմ՝ Իրանը ավտորիտա՞ր երկիր է, թե՞ ոչ։

Մոռանանք մի պահ, որ Իրանը մեր նեղ օրերի լավ բարեկամն է, թեև սա մոռանալու բան չէ, հատկապես 1991-1994 թվականները։

Հիմա եկեք լռելյայն մեկ այլ հարցի պատասխանենք․ պատգամավորը, օրինակ Ժիրինովսկին կամ հանգուցյալ Մըքքեյնը, կարո՞ղ են կամ իրավունք ունե՞ն հիմարություններ դուրս տալ բարեկամ և ոչ բարեկամ երկրների հասցեին։

Պատգամավորները իրավունք ունե՞ն հիմարություններ դուրս տալ բարեկամ և ոչ բարեկամ երկրների հասցեին

Իսկ այժմ՝ ավելի լուրջ։

Հայաստանի խորհրդարանի պատգամավորները խոսելուց կամ գրպանից շերեփ հանելուց առաջ պետք է մի լավ մտածեն։ Որևէ պատգամավոր, անշուշտ, եթե օր ու գիշեր հայտարարի Իրանի ավտորիտար լինելու մասին, չի կարող կործանել Երևան-Թեհրան համագործակցությունը, քանի որ այն հիմնված է ընդհանուր շահերի վրա։ Այն պահին, երբ չլինեն այդ շահերը, եթե անգամ ամբողջ խորհրդարանն ու կառավարությունը գովերգեն ժողովրդավարական կամ ավտորիտար Իրանը, դրանով չեն կարող փոխել պաշտոնական Թեհրանի կարծիքը։

Հիշում եք, չէ՞, ինչեր էինք անում ֆուտբոլային դիվանագիտության օրերին։ Մեր Նեմեցը (սա, անշուշտ, հարված է Հայաստան-Գերմանիա բարեկամությանը) անձամբ կամ շեֆի՝ Սերժի, հավանաբար անձամբ՝ շեֆին դուր գալու համար, Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման նախօրեին Ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոն փոխեց՝ Արարատի փոխարեն գնդակ նկարեց։ Մեր Հայլուրը ավետեց, որ Գյուլի այցի նախօրեին խնձորենին է ծաղիկ տվել, մեր կառավարությունը այնպես էր ընդունում Գյուլին, կարծես հարազատ եղբորն էր գտել (այս ձևակերպումը Արմեն Ռուստամյանինն է)։

Եվ ի՞նչ եղավ հետո։ Ոչինչ էլ չեղավ։ Սահմանները մնացին փակ, Թուրքիան շարունակեց Հայաստանը տնտեսապես ու քաղաքականապես մեկուսացնելու և ծնկի բերելու գիծը։

Իրականում, անշուշտ, իշխանական կուսակցության պատգամավորները իրենց հայտարարություններում պետք է չափազանց զգույշ լինեն, եթե անշուշտ, նպատակ չունեն սադրել կամ ինչ-որ բան հասկացնել որևէ երկրի և կամ էլ երրորդ երկրին ուղերձ հղելու նպատակով ավտորիտար համարեն հարևան երկրին։

Իրանի հանդեպ պետք է ավելի նրբանկատ լինել։ Ես կարող եմ նշել տասը պատճառ առնվազն, թե ինչու պետք է հատկապես Իրանի նկատմամբ լինել զգայուն։ Իսկ եթե դա չգիտեն իշխանական ուժի ներկայացուցիչները խորհրդարանում, ապա դա, մեղմ ասած, տխուր է։

Բայց նաև եկեք անկեղծ լինենք։

Հիմա, որ աջ ու ձախ շերեփով հարվածում եք պատգամավորին, ինչո՞ւ էիք լռում, երբ մեր նեղ օրերի լավ բարեկամ Իրանը դատապարտում էր «հայկական ուժերի կողմից ադրբեջանական հողերի զավթումը», ինչո՞ւ Ձեր հոգիները չեն ալեկոծվում, երբ Իրանը ամեն առիթով, այդ թվում միջազգային կազմակերպությունների քվեարկություններում, պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Բայց եկեք մի պահ մի կողմ դնենք մեր նեղ օրերի լավ բարեկամ Իրանին և խոսենք մեզ՝ Ռուսաստանի և ծովով աշխարհի հետ կապող Վրաստանի մասին։

Այդ ինչո՞ւ եք ամեն առիթով, շատ հանգիստ, քննադատում Վրաստանի իշխանություններին, այդ թվում Սաակաշվիլիին։ Այդ ինչո՞ւ էիք տարիներ շարունակ Վրաստանը համարում ձախողված պետություն։ Կամ երբ Ջավախքի նկատմամբ տարածքային կամ այլ հավակնություն եք ներկայացնում, չե՞ք մտածում, որ հարվածում եք Հայաստան-Վրաստան հարաբերություններին։ Եվ եթե Ձեր լեզվի տակ ոսկոր չկա, ապա ինչո՞ւ նույն կերպ չեք հավակնում Պարսկահայքին։ Որովհետև Իրանը զգայո՞ւն է, իսկ Վրաստանը՝ ո՞չ։

Եվ ամենավերջում․ ես մտածում եմ, որ մեր պաշտոնյաները, պատգամավորները, դիվանագետները, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, իրենց հայտարարույթուններում պետք է հաշվի առնեն նախ Հայաստա՛նի շահը։ Մի բաժակ ջրում փոթորիկ սարքողները պետք է հաշվի առնեն Հայաստանի շահը և ոչ թե փորձեն դուր գալ մեր հարևան երկրներին։

Այո, պետք է հրապարակային հայտարարություններում զգույշ լինել՝ լինի դա Իրանը, հատկապես Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, անգամ՝ Ադրբեջանն ու Թուրքիան։

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Երևանում, 2016թ․, դեկտեմբերի 21

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: