18 հունվար, 2019 10:42

Իրանի կցորդը պարզաբանել է իր երկրի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի՝ Բաքվի հայտարարությունները

Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի 16-ին ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերիի՝ Ադրբեջան կատարած այցին և վերջինիս՝ ԼՂ հիմնահարցի շուրջ արտահայտած դիրքորոշման վերաբերյալ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվությանը․ այս մասին գրառում է արել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

ԻԻՀ ռազմական կցորդը վերահաստատել է բազմիցս արտահայտած Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ընդգծել է, որ այն որևէ փոփոխությունների չի ենթարկվել և մամուլում ներկայացվող տեղեկատվությունն ու դրա զանազան մեկնաբանություններն աղավաղում են այն: Շեշտելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում բարձրաստիճան փոխայցելությունների և դրանց ընթացքում տարբեր հարցերի շուրջ պաշտոնական դիրքորոշումներ արտահայտելու բազմաթիվ առիթներ կլինեն: Այս առումով Լևոն Այվազյանն ու Մահդի Վեջդանին կարևորել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացումն՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդման:

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին հայտարարել է, որ Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Բաղերին ասել է, որ Իրանը «համարում է ղարաբաղյան հողերը ադրբեջանական»։