19 հունվար, 2019 12:13

ԵՄ-ն դրական ազդաշնան է տեսնում Ղարաբաղյան բանակցություններում

Եվրոպական Միության արտաքին գործերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հայտարարություն է տարածել Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին։

«Վերջին ամիսների ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շփումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո արտաքին գործերի նախարարների հանդիպումները, ամենավերջինը՝ Փարիզում՝ հունվարի 16-ին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու դրական ազդանշան են հաղորդում»,- ասված է Մոգերինիի խոսնակ Մայա Կոսիյանչիչի՝ հունվարի 18-ին տարածած հայտարարությունում։

«Եվրոպական Միությունն ակնկալում է այդ հանդիպումների արդյունքների ամբողջական իրագործումը, այդ թվում՝ արտգործնախարարների՝ իրենց բնակչություններին խաղաղության պատրաստելու ուղղությամբ կոնկրետ քայլերը, որոնք նոր թափ կհաողրդեն բանակցություններին»,- ասված է հայտարարությունում։

Հայտարարությունում նաև նշվում է, որ Եվրոպական Միությունը շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին։

Արտգործնախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի փարիզյան հանդիպումը ողջունել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Հայաստանի և Ադբրեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը հունվարի 16-ին հանդիպեցին Փարիզում՝ կարևորելով կոնկրետ քայլերի իրականացումը իրենց հասարակություններին խաղաղության պատրատելու ուղղությամբ։

Կարդացե՛ք ավելին՝

Նախարարները համաձայնել են` անհրաժեշտ են կոնկրետ քայլեր հասարակություններին խաղաղության պատրաստելու համար

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել հետևողական, նպատակաուղղված շփումները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Սաթենիկ Հակոբյան

Լուսանկարում՝ Ֆեդերիկա Մոգերինին (www.politico.eu)