22 հունվար, 2019 16:58

Կառավարությունում չեն շտապում մեկնաբանել Արթուր Գրիգորյանի պաշտոնանկությունը․ ԷկոԼուր

Կառավարության աշխատակազմում չեն շտապում մեկնաբանել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկությունը, հայտնում է ԷկոԼուրը։

Երկրորդ օրը պարզաբանում ստանալու փորձերից հետո ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնական Նարինե Մնացականյանը ԷկոԼուրին հայտնել է. «Քանի որ այդ հարցով շատ են դիմողները, մենք պատրաստում ենք հիմնավորում: Ուղարկեք գրավոր հարցում, և սահմանված ժամկետներում կպատասխանենք»:

Արթուր Գրիգորյանն իր զբաղեցրած պաշտոնից ազատվեց հունվարի 21-ին՝ վարչապետի որոշմամբ

ԷկոԼուրը հիշեցնում է, որ Արթուր Գրիգորյանն իր պաշտոնավարումը սկսել էր տեսչական ստուգումների անցկացմամբ Հայաստանի խոշոր հանքավայրերում: Նախ ստուգումներ անցկացվեցին Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում, այնուհետև՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում:

Ամուլսարում ստուգումների արդյունքներով Արթուր Գրիգորյանն առաջարկել էր ուժը կորցրած ճանաչել այս ծրագրին տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը՝ հենվելով հայտնաբերված խախտումների և նոր ի հայտ եկած էկոլոգիական հանգամանքների վրա: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը չէր ընդունել Արթուր Գրիգորյանի որոշումը: Իսկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի տվեց տեսչական մարմնին:

Քաջարանի հանքավայրում 2018 թ․ սեպտեմբերին մեկնարկած ստուգումներն ավարտվեցին հենց այն օրը, երբ ՀՀ վարչապետը կայացրեց Արթուր Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին որոշումը: Այսպիսով, Արթուր Գրիգորյանն արդեն չի մասնակցի Հայաստանի ամենամեծ հանքավայրի ստուգումների ամփոփման գործընթացին և որոշման կայացմանը, որի համար նախատեսված է 10 աշխատանքային օր:

Բացի այդ, Արթուր Գրիգորյանի ղեկավարմամբ տեսչական մարմինը որոշում ընդունեց Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կանգեցրեց «Արմօյլ» ՓԲԸ-ի աղմկահարույց նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարության կանգնեցման մասին:

Աղբյուրը՝ ԷկոԼուր