25 հունվար, 2019 10:34

Պոլսի և կայսրության հայերը 1920-ի թուրք-հայկական պատերազմի օրերին

Օքսֆորդի համալսարանի ուսանող Արի Շեկերյանը անգլերենով ուսումնասիրություն է հրապարակել հայոց պատմության քիչ ուսումնասիրված մի թեմայի շուրջ՝ Պոլսի և Օսմանյան կայսրության հայերի դիրքորոշումը 1920 թվականի թուրք-հայկական պատերազմի ընթացքում:

Թուրք-հայկական վերջին պատերազմը սկսվեց 1920-ի սեպտեմբերին և ավարտվեց նոյեմբերին, իսկ դեկտեմբերի 2-ին ստորագրվեց Ալեքսանդրապոլի դաշնագիրը, որով և փաստացի գծվեցին ժամանակակից Թուրքիայի և Հայաստանի սահմանները:

Հարձակման վեց շաբաթների ընթացքում քեմալականները՝ Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, գրավեցին Կարսի մարզն ու Սուրմալուն, ինչպես նաև՝ Ալեքսանդրապոլն ու Շիրակի դաշտը:

Քեմալական շարժումը տարածվում էր Օսմանյան կայսրության կենտրոնական և արևելյան հատվածում: Ինչպիսի դիրք էին բռնել կայսրության արևմտյան հատվածում, մասնավորապես Պոլսում (Ստամբուլ) և Զմյուռնիայիում (Իզմիր) բնակվող հայերը:

Իր ուսումնասիրությունը գրելու ընթացքում Արի Շեքերյանը օգտվել է պալսահայ օրվա մամուլից, ինչպես նաև թուրք, հայ և օտար հեղինակների աղբյուրներից: Այդ շրջանում՝ 1920-ին, Պոլսում լույս էին տեսնում մի քանի օրաթերթեր, ինչպես «Ճակատամարտը», «Վերջին լուրը», «Ժողովրդի ձայնը»:

Դեռ 1920 թվականի սկզբին, երբ Հայաստանը Դաշնակիցների կողմից ճանաչվեց դե ֆակտո, պոլսահայերը հայկական բանակին օգնություն տրամադրեցին: Պոլսի Ղալաթա թաղամասում տեղի ունեցավ Հայ ազգային ժողովի հավաքը, որի ընթացքում հայկական բանակի համար գումար հանգանակվեց: Պոլսում գործող 36 հայկական միությունները և բոլոր քաղաքական կուսակցությունները ձևավորեցին կենտրոնական կոմիտե հատուկ հանգանակություն կազմակերրպելու նպատակով: Մեկ օրվա ընթացքում Զմյուռնիայի հայերը նվիրաբերեցին 3000 օսմանյան լիրա: Կոնիայի հայերը, որոնց մեծ մասը փախստականներ էին և բնակվում էին վրաններում՝ երկաթուղային կայարանի մոտ, հայկական բանակի համար ուղարկեցին 700 գուլպա:

Պոլսի հայկական եկեղեցիներում դրվել էին տուփեր, որոնց մեջ հավաքվում էր ծխախոտ հայկական բանակի համար:

Պոլսահայությունը շռայլ նվիրատվություն տվեց 1920-ի կեսերին, երբ նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը շրջում էր հայկական համայնքներով:

Երբ 1920-ի սեպտեմբերի վերջերին սկսվեց քեմալականների հարձակումը Սարիղամիշի և Օլթիի ուղղությամբ, Պոլսի հայությունը հայկական բանակի համար հանգանակություն նախաձեռնեց, որին մասնակցում էին հարուստներն ու աղքատները, ընտանիքներն ու որբերը:

Պոլսահայ Բենիամին Սաֆարյանը նվիրեց 25 օսմանյան լիրա: Հատկապես նախաձեռնող էին պոլսահայ թերթերը: ՀՅԴ «Ճակատամարտը», որ հրատարակվեց մինչև 1924-ի հոկտեմբեր, բաց տեքստով պոլսահայությանը կոչ արեց միանալ պայքարին: «Վերջին լուր» թերթը հանգանակություն կազմակերպեց «Ամեն մարդ՝ մեկ օրվա աշխատավարձ» կարգախոսով, իսկ առաջին նվիրատուները եղան թերթի աշխատակիցները: Բերայի, Գումգափուի և Քադըքյոյի հայ ուսուցիչներն ու դպրոցականները ևս մասնակցեցին դրամահավաքին: Զավեն պատրիարքը շնորհակալություն հայտնեց թերթին, իսկ ինքը նվիրաբերեց 10 օսմանյան լիրա:

Հայոց ցեղասպանության որբերը ևս մասնակցեցին Հայաստանի բանակի համար դրամահավաքին: Բաքըրքյոյի Բեզազյան դպրոցի որբերը իրենց տնօրեին առաջարկեցին իրենց հասանելիք մեկ ամսվա ուտելիքի գումարը նվիրաբերել, բացի հացը: Տնօրենը, սակայն, մերժեց որբերին, ասելով, որ նրանք պետք է լավ սնվեն, իսկ իր կողմից, բայց որբերի անունով, բավականին մեծ գումար հատկացրեց հայկական բանակին: Նույն դպրոցի որբերը իրենց հասանելիք պանիրի օրվա բաժինը հավաքեցին և փորձեցին վաճառել Բաքըրքյոյի խանութներից մեկում: Որբերի այս արարքը ստիպեց դպրոցի հարուստ տնօրենին երկրորդ մեծ հանգանակությունը կատարել:

Արամյան-Ունջույան դպրոցի տնօրենը «Վերջին լուր»-ին գրած նամակում հայտնում էր, որ դպրոցի աշակերտները հրաժարվում են միրգ ուտել և առաջարկում են դրա գումարը ուղարկել հայկական բանակին:

Արա Շեքերյանի ուսումնասիրությունից պարզվում է, որ հանգանակության գործի մեջ ներգրավվել են նաև կայսրության այլ տարածքներում բնակվող հայերի մնացորդները: Չանաքկալեի մոտ գտնվող Բիգա բնակավայրի հայերը դրամահավաքի ընթացքում հայկական բանակին նվիրեցին 500 օսմանյան լիրա:

Երբ Պոլսի Կարագյոզյան դպրոցի որբերը լսեցին Կարսի անկման լուրը, հրաժարվեցին իրենց մեկօրյա սնունդից և տնօրինությանը խնդրեցին այդ գումարը փոխանցել հայկական բանակին: Իսկ երբ քեմալականները գրավեցին Կարսն ու Ալեքսանդրապոլը, Բուրսայի հայ համայնքը նոյեմբերի 14-ին սգո օր հայտարարեց: Այդ օրը ոչ մի հայ չբացեց իր խանութը: