29 հունվար, 2019 12:43

«Արասը»՝ Թուրքիայի տարվա հրատարակչատուն

Ստամբուլի «Արաս» հրատարակչատունը թերթերի և գրքերի «Դունյա» ամսագրի կողմից ճանաչվել է Թուրքիայի «Տարվա հրատարակչատուն»:

1993-ին Հրանտ Դինքի, Մկրտիչ Մարկոսեանի և Էդուարդ Թովմասյանի հիմնադրած «Արասը» երկրում հայերեն և թուրքերեն գրքեր հրատարակող միակ հրատարակչատունն է։ Այն ստեղծվել է որպես Թուրքիայի հայերի մշակութային ժառանգությունը ապագա սերունդներին կապելու կամուրջ:  

«Մենք այս պարգևը ընկալում ենք որպես ավելի ժողովրդավար և բազմակարծիք Թուրքիայի համար պայքարում հայկական հարցի, մշակույթի, գրականության և պատմության կարևորության մասին հարաճուն գիտակցության նշան»,- ՍիվիլՆեթին ասել է «Արասի» գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը:

Քոփթաշը խոսել է ընթացիկ քաղաքական միջավայրում պարգևի նշանակության մասին. «Թեև Թուրքիայում բոլոր ժողովրդավարական մեխանիզմների և հաստատությունների քանդման հիման վրա ստեղծվել է անտանելի մթնոլորտ, քաղաքացիական և ժողովրդավարորեն մտածող շրջանակներում միշտ գոյություն ունի ամուր համերաշխություն: Մրցանակը իսկապես հեղինակավոր է, քանի որ այն գալիս է ավանդույթ ունեցող մի թերթից, և դա ամբողջ տարվա ընթացքում հրատարակչություններին հանձնվող միակ մրցանակն է»:

«Արասին» անվանելով «պատուհան դեպի հայ գրականություն, պատմություն և մշակույթ՝ տարիներ շարունակ իր հրատարակած առանձնահատուկ, գրավիչ և որակյալ գրքերով»՝ «Դունյա» մրցանակային հանձնաժողովը հավելել է, թե հրատարակչատունը ցույց է տալիս, որ «փոխըմբռնումը հնարավոր է և՛ կայուն արվեստի, և՛ գրականության միջոցով»։

Իր ելույթում Քոփթաշը շնորհակալություն է հայտնել հրատարակչության աշխատանքներում ներգրավված բոլոր անձանց, այդ թվում՝ հեղինակներին, թարգմանիչներին և ընթերցողներին, որոնք այն կենդանի են պահում:«Մենք աշխատում ենք այն գիտակցմամբ, որ գրքերը և գրականությունը կարևոր դեր են խաղում ժողովուրդների միջև նախապաշարմունքների հաղթահարման և խոչընդոտների վերացման գործում, և միշտ բծախնդիր կերպով փորձել ենք հրատարակել որակյալ գրքեր՝ չնայած դժվարին պայմաններին»,- ասել է Քոփթաշը:

Քոփթաշը մրցանակը նվիրել է Թուրքիայի բոլոր այն քաղաքացիներին, որոնք իրենց գաղափարների համար գտնվում են բանտերում կամ հետապնդման մեջ՝ մասնավորապես նշելով «Արասի» խորհրդի անդամ Օսման Քավալային, որն այժմ բանտում է:

[Օսման Քավալան Թուրքիայի նշանավոր իրավապաշտպաններից ու հասարակական գործիչներից է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով։ Քավալայի «Անադոլու Քուլթուր» կազմակերպությունը Հայաստան-Թուրքիա կարգավորման ծրագրի կոնսորցիումի ութ անդամներից մեկն է։ Կոնսորցիումում ընդգրկված է չորս կազմակերպություն Հայաստանից, չորսը՝ Թուրքիայից]։

«Այս մրցանակը նվիրում ենք մեր խորհրդի անդամ Օսման Քավալային, որն արդեն 450 օր անարդարացիորեն բանտարկված է, ինչպես նաև բոլոր բանտարկյալներին, որոնք գաղափարական պայքար են մղում Թուրքիայի ժողովրդավարացման համար»,- ասել է Քոփթաշը: «Մենք մեր համերաշխությունը և ողջույններն ենք հղում բոլոր այն հրատարակչատներին, որոնք ճնշված, անտեսված են, հրատարակում են գրքեր բոլոր ճնշված հանրույթների մասին, պաշտպանում նրանց իրավունքները և անտարբեր չեն սեփական իրավունքները պաշտպանող անձանց ջանքերի հանդեպ»:

Բարերար և գործարար Քավալան ձերբակալվել էր Թուրքիայի իշխանությունների կողմից 2017-ի հոկտեմբերին և բանտարկության մեջ է՝ առանց պաշտոնական մեղադրանքի: Օսման Քավալային կասկածում են 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեջ, որը, թուրքական իշխանությունների վարկածով, կազմակերպել էր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը։ 

2016-ի հեղաշրջման ձախողված փորձից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով բանտերում է հայտնվել 160 000 մարդ, փախվել են հարյուրավոր լրատվամիջոցներ և քաղհասարակության խմբեր։

Զառա Պողոսյան

Թեմային առնչվող հղումներ.

Կորցրեցինք ոչ միայն Քավալայի ազատությունը, այլև ժողովրդավարության մեր հույսը․ «Անադոլու Քուլթուր»

Էրդողանը Քավալային մեղադրում է Սորոսի հետ համագործակցության համար

Թուրքիա․ Օսման Քավալայից հետո թիրախում է ամբողջ «Անադոլու կուլտուրը»

Քավալայի ձերբակալությունից հետո․ խոշորացույցի տակ՝ նաև ՍիվիլՆեթը