29 հունվար, 2019 10:23

Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը «ծիծաղելի է», ըստ Վիտալի Բալասանյանի

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի կարծիքով, «ծիծաղելի է»։ Այս մասին նա հայտարարել է հունվարի 28-ին Եռաբլուրում՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Դա նույնն է, թե Նիկոլ Փաշինյանն այսօր սահմանադրական կարգը տապալի, որ նորից մնա վարչապետ։ Սա մի քիչ ծիծաղելի է։ Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանություն չէ։ Իշխանությունում գտնվող մարդն ինչո՞ւ է սահմանադրական կարգը տապալում»,– ասել է նա։

Բալասանյանն ընդգծել է, որ չի տեսնում, որ բանակը այն ժամանակ մասնակցել է ներքաղաքական կյանքին. «Միգուցե, մասնակցել են ոմանք, բայց էդ հրամանը, ինչի մասին դուք ժամանակ առ ժամանակ ասում եք, այդ հրամաններում այդպիսի բան չկա, 0038 հայտնի հրամանը։ Ժամանակը կգա, բոլորդ էլ կտեսնեք, կասեք ամոթ ա մեզ:  0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, ցանկացած երկրում կգնան դրան: Զորքը չի մասնակցել ներքաղաքական հարցերին, դուք զորք տեսե՞լ եք, որ այն ժամանակ կրակում էին»:

Լրագրողի դիտարկմանը, թե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ասել է, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը «սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք ունենան», Վիտալի Բալասանյանն ասաց, որ «ամոթ է, չի կարելի այդպիիսի բաներ ասել»։

Հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը անհի՞մն է կալանավորվել, Բալասանյանը պատասխանել է․ «Ժամանակը կգա, կտեսնենք, չեմ կարող ասել»։

Վիտալի Բալասանյանը հավելել է, որ դատարանը կորոշի, թե ով է մեղավոր Մարտի 1-ի 10 զոհերի համար։

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարություններին արձագանքել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։ Նա Վիտալի Բալասանյանին հրավիրել է «Մարտի 1-ի» գործը քննարկել իրավաբանական տեսանկյունից։

«Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին, բայց եթե լուրջ իրավաբան է, ես հրավիրում եմ գա, նստենք, քննարկենք իրավաբանական տեսանկյունից»,– ասել է Խաչատրյանը։

Սաթենիկ Հակոբյան