30 հունվար, 2019 17:19

«Տարածքներ խաղաղության դիմաց» թեզը չի կարող քննարկվել․ Նիկոլ Փաշինյան

Մենք չենք կարող քննարկել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի նախագահի նստավայրում կառավարության անդամների երդման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում դիտարկմանը, թե Ղարաբաղյան բանակցություններում քննարկվում է «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը, Փաշինյանն ասել է․

«Մենք ընդհանրապես չենք կարող քննարկել, նույնիսկ քննարկել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը»։  

Լրագրողի դիտարկմանը, որ քննադատները իրեն մեղադրում են Ղարաբաղի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանի տրամաբանությանը վերադառնալու մեջ, Նիկոլ Փաշինյանն ասել է․

«Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում որևէ կառավարություն չի վարել։ Եվ զուգահեռ, ընդհանրություն գտնել նախկինում վարված որևէ քաղաքական ուղեգծի հետ, միանգամից ասեմ, որ կատարյալ մոլորություն է»։

Մարիա Եղիազարյան