31 հունվար, 2019 15:04

Թավշյա հեղափոխությամբ հայերը վերջ դրեցին վատ կառավարման դարաշրջանին. վարչապետ

Տեղեկատվական տեխնոլոգիաները հայկական Թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էին․ Քյոլնի տեխնիկական համալսարանի դասախոսական և ուսանողական կազմի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում է։ Համալսարանում Փաշինյանը հանդես եկավ ելույթով՝ «Հայաստանը Թավշյա հեղափոխությունից հետո․ թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով։

«Տեղեկատվական տեխնոլոգիաները հայկական Թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էին: Սոցիալական ցանցերի միջոցով հայ ժողովուրդը համախմբվեց՝ «ոչ» ասելու նախկին վերնախավին, որը չէր վայելում ժողովրդի վստահությունը»,- իր ելույթում ասաց Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ Թավշյա հեղափոխությամբ «հայերը վերջ դրեցին վատ կառավարման դարաշրջանին` հանուն թափանցիկության»:

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններով ավարտվեց Թավշյա հեղափոխության առաջին փուլը: Այժմ մենք ունենք ոչ պակաս կարևոր խնդիր: Մեզ խիստ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Այդ նպատակով մենք մտադիր ենք օգտվել թվային դարաշրջանի ընձեռած բոլոր հնարավորություններից»,- ընդգծեց վարչապետը:

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը գերակա ուղղություն է համարում ՏՏ ոլորտը` որպես տնտեսական զարգացման հենասյուներից մեկը:

«Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը, որտեղ արտադրվել է «Նաիրի-2»-ը՝ խորհրդային ժամանակաշրջանի առաջին կիսահաղորդչային համակարգիչը և աշխարհում առաջիններից մեկը: Այսօր Հայաստանի ներուժը ընդլայնվել է: ՏՏ ոլորտը Հայաստանում վերջին յոթ տարիների ընթացքում աճել է հինգ անգամ՝ տարեկան 25 տոկոսով՝ Synopsys, National Instruments, Cisco, VMWare, TeamViewer, Mentor Graphics- ը (Siemens- ին պատկանող) և այլն»,- ասաց Փաշինյանը՝ Հայաստանի հիմնական հարստությունը համարելով «շնորհալի և տաղանդաշատ քաղաքացիներին», որոնք ստացել և ստանում են գերազանց կրթություն:

ՀՀ վարչապետի խոսքով՝ արդյունաբերության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային իրադարձությունը տեղի կունենա Հայաստանում։ Ակնկալվում է, որ ավելի քան 2000 պատվիրակներ շուրջ 60 երկրից կմասնակցեն այդ միջոցառմանը:

Վարչապետն այսօր կհանդիպի Քյոլնի հայ համայնքի հետ, իսկ փետրվարի 1-ին նա կլինի Բեռլինում և հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Փետրվարի 1-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի համատեղ մամուլի ասուլիսը։

Հայաստանի և Գերմանիայի կառավարությունները նպատակադրված են խորացնել համագործակցությունը թվայնացման, կրթության և մշակութային ոլորտներում, քննարկման առանցքը, սակայն, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցերն են։ Վարչապետին Գերմանիայում ուղեկցում է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և այլ պաշտոնյաներ։

2018թ․ օգոստոսին Հայաստան-Գերմանիա միջպետական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի կանցլերն այցելել էր Հայաստան։


Գևորգ Թոսունյան, Քյոլն, Գերմանիա