31 հունվար, 2019 19:03

Պոլիտեխնիկն ու Քյոլնի տեխնիկական համալսարանը կհամագործակցեն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ու Քյոլնի տեխնիկական համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Հուշագրի ստորագրումը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի շրջանակում։

ՀՀ վարչապետի կայքի տեղեկատվության համաձայն՝  Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան:

Գերմանական առաջատար ուսումնական հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպումից և գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարների քննարկումից հետո վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Հուշագրի համաձայն` նշված բուհերը կզարգացնեն գիտական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

ՀՀ վարչապետը հանդիպել է Քյոլնի տեխնիկական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո - թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով ելույթով։

Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի կայք