1 փետրվար, 2019 12:44

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է Վրաստանին վճարել 10 մլն եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ռուսաստանին պարտավորեցրել է Վրաստանին վճարել 10 մլն եվրո։ «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործը վերաբերում է 2006թ․ աշնանը Ռուսաստանից վրաստանցիների զանգվածային ձերբակալությանն ու արտաքսմանը։ Վճիռը վերջնական է, ենթակա չէ բողոքարկման, քանի որ այն կայացրել է ՄԻԵԴ Մեծ պալատը։ Ինչպես ասել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Եվրոպայի խորհուրդը վերահսկելու է վճռի կատարման գործընթացը։

Որոշման մեջ նշվում է, որ Ռուսաստանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միանգամից մի քանի հոդված։ Դատարանի որոշմամբ՝ մեկ ու կես հազար վրաստանցի զանգվածայնորեն արտաքսվել է Ռուսաստանից՝ կրելով բարոյական վնաս, որը Մոսկվան պարտավոր է հատուցել։ Որոշման օգտին քվեարկել է 16 դատավոր, դեմ՝ մեկը։ Գումարը տատանվում է 2000-15000 եվրոյի սահմաններում։ Ամենամեծ հատուցումը կստանան նրանք, ովքեր ենթարկվել են դաժան վերաբերմունքի։

Զանգվածային արտաքսմանը նախորդել էր 2006-ի սեպտեմբերին Վրաստանում ռուսաստանցի մի խումբ հետախույզների ձերբակալությունը՝ լրտեսության մեղադրանքով։ Թբիլիսիի այդ քայլին Մոսկվան կոշտ է արձագանքել։

ՄԻԵԴ որոշումը Վրաստանում համարում են «արդարության հաղթանակ»։

«Սա կարևոր որոշում է և հաղթանակ՝ Վրաստանի համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ի սկզբանե ներգրավված են եղել գործընթացում, հատկապես, արդարադատության նախարարությանը։ Այս արդյունքին հասնելու համար հավաքվել են շատ կարևոր վկայություններ և նյութեր»,- ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանին։

Դատարանի որոշմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Լուսանկարը՝ ՏԱՍՍ գործակալության, վրաստանցիների արտաքսումը Ռուսաստանից, 2006թ․

Ստելլա Մեհրաբեկյան