4 փետրվար, 2019 17:06

Հայաստանը՝ հանրային քննարկման արժանի շատ ավելի առաջնահերթ խնդիրների առջև․ Տեր-Պետրոսյանը՝ օրհներգի փոփոխության մասին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է Հայաստանի օրհներգը փոխելու շուրջ ծավալվող բանավեճը։

«Ի պատասխան մեր խմբագրության հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ բանավեճին, առաջին նախագահը հիշեցրեց ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման շրջանում ստեղծված հետևյալ անեկդոտը. «Քաղաքացիներից մեկն առաջարկել էր փոխել Խորհրդային Միության հիմնը, ինչին առարկել էր մի լենինականցի, ասելով`«Ըդտեղ տառասխալըմ կա. ոչ թե հիմնը, այլ հիմքը»:

Տեր-Պետրոսյանը նաև ավելացրեց, որ անեկդոտը պատմում է զուտ մեկ, այն է` հայ ժողովրդական բանահյուսության տվյալ գոհարը մոռացության չմատնելու նպատակով: Ի դեպ, նա հիշեցրեց նաև 1977թ. Սահմնադրության համաժողովրդական քննարկման հետ կապված նույնպիսի գոհար հանդիսացող մի այլ անեկդոտ: Հայաստանի քաղաքացիներից մեկն առաջարկել էր Սահմանադրությունում ընդգրկել «Խորհրդային քաղաքացին ունի հետմահու արդարացման իրավունք» հոդվածը:

Իսկ ավելի լուրջ, ըստ առաջին նախագահի՝ Հայաստանն այսօր կանգնած է հանրային քննարկման արժանի շատ ավելի առաջնահերթ խնդիրների առջև, քան օրհներգի շուրջ ընթացող բանավեճը»,- գրում է ilur.am կայքը:

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն առաջարկում է հանրային քննարկման հարց դարձնել ՀՀ օրհներգը փոխելու և Արամ Խաչատրյանի գրած օրհներգին վերադառնալու հարցը: