4 փետրվար, 2019 10:20

Մտե՞լ է արդյոք հեղափոխությունը բուհեր

2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին հազարավոր ուսանողներ միացան նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող հասարակական-քաղաքական գործընթացին, որը վերաճեց Թավշյա հեղափոխության։ Շատերը թե՛ 9 ամիս առաջ, թե՛ այժմ նշում են, որ ուսանողության դերը վճռական էր հեղափոխության հաղթանակի համար՝ կարևորելով նաև ուսանողական էներգիան, կրեատիվությունն ու ազնվությունը հետհեղափոխական ռեֆորմների համար։ Որո՞նք էին այն նախադրյալները, որ ստիպեցին ուսանողներին թողնել իրենց լսարանները ու դուրս գալ փողոց։ Ի՞նչ էին ցանկանում ուսանողները փոխել՝ անելով դասադուլներ ու բողոքի ցույցեր։ Արդյոք բավարար ուշադրության արժանացե՞լ են ուսանողական խնդիրները հեղափոխությունիցհետո, և վերջապես Հայաստանում արդյոք ուսանողական օրակարգ գոյություն ունի՞ այժմ, թե՞ ոչ։

Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո շատ ուսանողներ սկսեցին օգտագործել  հեղափոխությունը պետք է մտնի բուհեր» նախադասությունը։ Ի՞նչ է այն նշանակում՝ անձերի՞ փոփոխություն, թե՞ համակարգի ռեստարտ։ Այն մի խումբ ուսանողների ցանկությո՞ւն է, թե՞ առաջնայնություն կրթական համակարգի համար։ Այս հոդվածում ես կանդրադառնամ դրա բաղադրիչներից մեկին։

Հայաստանում այժմ հաճախ բարձրաձայնվող խնդիրներից մեկը որակյալ կադրերի և մասնագետների պակասն է։ Խնդիրը իր հերթին վերաբերում է թե՛ պետական ապարատին, թե՛ տարբեր այլ ոլորտների ու հաստատությունների։ Ի թիվս շատ նախադրյալների՝ արտագաղթ, պետական ապարատի ու հասարակության հաղորդակցման ու կադրերի ներգրավման խնդիրներ, շատ կարևոր է այն ինստիտուտների վիճակը, որոնք կենսական նշանակություն ունեն այդ կադրերի պատրաստման գործում։ Մասնավորապես ԵՊՀ-ում կան ֆակուլտետներ, ամբիոններ, որոնք տարիներ շարունակ ղեկավարվում ու համակարգում են նույն մարդիկ։ Օրինակ՝ ֆակուլտետներից մեկի դեկանը պաշտոնավորւմ է արդեն չորս տասնամյակ։ Այստեղ վաղուց մրցունակ, որակյալ կրթություն ապահովելու պարտավորությունը փոխվել է ֆակուլտետում կամ ամբիոնում իշխանություն պահելու մոլուցքի հետ։ Այդ իսկ պատճառով որակյալ շատ մասնագետներ չեն դասավանդում համալսարանում՝ ելնելով թե՛ հեռանկարային-մոտիվացիոն, թե՛ զուտ տեխնիկական խնդիրներից։

Շատերը միգուցե ասեն, որ համալսարանում ցածր են վարձատարում, այդ իսկ պատճառով էլ կոմպետենտ մասնագետները չեն ցանկանում գալ և աշխատել։ Այս դեպքում ես էլ մեկ հարց ունեմ ՝ միայն աշխատավա՞րձն է խնդիրը, թե՞ այլ պատճառներ ու խոչընդոտներ ևս կան։ Կարծում եմ՝ կան։ Ակադեմիական ազատություն և ստեղծագործելու ցանկություն։

Այո՛, կարծում եմ, որ հեղափոխությունից հետո պիտի որ քաղաքական հետապնդումները բուհերում դադարեցված լինեն։ Բայց արդյոք ֆակուլտետներում պատրա՞ստ են ընդունել նոր դասախոսներ, որոնք ունեն նոր մտքեր ու դասավանդման նոր մեթոդներ։

Դասացուցակաների, առարկաների հատկացման ու բաշխման հետ կապված հետաքրքիր պատմություններ են պատմվում, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ են մարդիկ դասավանդում առարակներ, որոնցից իրենք տեղյակ չեն, կամ ինչո՞ւ է մի դասախոս բոլոր դասերին խոսում նույն թեմայից։ Խնդիրը շատ պարզ է՝ եղած առարկաների ցանկը բաշխվում է նույն դասախոսների մեջ, իսկ եթե գա նոր դասախոս՝ նոր առարկայով, ապա հների կամ դասաժամերը կքչանան,  կամ ընդհանրապես առարկան մրցունակ չի լինի։

Ի՞նչ պետք է անի ֆակուլտետի դեկանը՝ գնա ռիսկի և ընդունի նոր դասախո՞ս՝ նոր առարկայով, պատրաստ լինելով, որ ֆակուլտետի կառավարման ընթացքում պետք է լսի նոր մտքեր ու գաղափարներ, թե՞ նորերի մուտքը փակի՝ ապահովելով իր հեշտ կառավարումը։

Ֆակուլտետային հիերախիան և ներքին խժդժությունները վանում են որակյալ մասնագետներին համալսարանում դասավանդելուց

Ցավոք, ավելի հաճախ դեկանները ընտրում են երկրորդ տարբերակը։ Իրականում ներֆակուլտետային այս հնարավոր, ոչ առողջ մրցակցությունը ավելի մեծ մասշտաբով տարածվում է ամբողջ համալսարանի վրա, որտեղ ռեկտորը պետք է փորձի հանդուրժել ինքնավար դեկաններին ու դասախոսներին։  

Ֆակուլտետային հիերախիան և ներքին խժդժությունները վանում են որակյալ մասնագետներին համալսարանում դասավանդելուց։ Մի շարք մասնագետներ էլ դասավանդում են, բայց չեն խառնվում ֆակուլտետի կառավարամն հարցերին՝ ամբողջովին չօգտագործելով իրենց ներուժը։

Ինչ վերաբերում է հարցի ֆինանսական կողմին, միանշանակ, համաձայն եմ, որ դասախոսների աշխատավարձը բարձրացման կարիք ունի, իսկ դա կարելի է անել համալսարաններում արդյունավետ կառավարամն միջոցով։ Սրա մասին կխոսենք արդեն մեկ այլ հոդվածում։ Վստահ եմ, որ դասախոսները այլ պատճառներ ևս կասեն, որ ստիպում է նրանց չներգրավվել համալսարանական կյանքին։

Ի՞նչ ենք ստանում արդյունքում։ Ուսանողները բողոքում են կրթության որակից, ուսուցման մեթոդների ոչ պրոֆեսիոնալ լինելուց, այն ժամանակ, երբ երկրում, իսկապես, լավ մասնագետներ կան։ Հեղափոխության առաջնայնություններից մեկը պետք է լինի բուհերում հենց այս ոգին ու մթնոլորտը սերմանելը։ Բուհերը պետք է ամեն օր ման գան, տեսնեն, թե որտեղ ինչ լավ մասնագետ կա, որ կարող են հրավիրել համալսարանում դասավանդելու և իր գիտելիքիները փոխանցելու։

Բայց, ցավոք, քանի դեռ բուհի ղեկավարության գլխավոր նպատակը ոչ թե սա է, այլ ուղղակի մի քանի հոգու պաշտոնավարումը երկարաձգելը ու իրենց քննադատողներից ամեն գնով պաշտպանվելը, բուհերում ունենալու ենք մի վիճակ, երբ ոչ ոք ոչ ոքի անարդյունավետության համար չի քննադատելու, քանի որ առաջնայինը ոչ թե որակ ապահովելն է, այլ վերադասի ամեն ասածը ուղղակի անելը ու նրան պաշտպանելը։  Ո՞վ է տուժում արդյունքում՝ տուժում են ուսանողները, տուժում են որակյալ դասախոսները, տուժում են բուհերը, և, իհարկե, տուժում է երկիրը։ Պարզից էլ պարզ է, որ այստեղ գործ ունենք շատ պարզ հանցավոր համաձայնություն հետ։ 

Կարծում եմ՝ բոլորս էլ կըդնունենք, որ ուսանողի համար ժամանակին լավ դասախոսի հանդիպելը կամ չհանդիպելը կարող է նրա համար ճակատագրական լինել։ Բուհերում կրթության որակի բարձրացումը անմիջականորեն պայմանավորված է մրցունակ դասախոսներ ներգրավելու հետ։ Բոլորս գիտակցում ենք, որ ակադեմիական տարածքում և հատկապես համալսարաններում ռեֆորմներ անելիս պետք է լինել շատ զգույշ ու ուշադիր։

Սակայն զգուշավորությունը չպետք է շփոթել անվճռականության և հապաղման հետ։ Թավշյա հեղափոխությունից հետո ԿԳՆ-ի ու համալսարանների հոգաբարձուների նոր խորհուրդների գլխավոր նպատակներից մեկը բուհերում հենց այս պարպող միջավայրի վերացումը պետք է լինի։ Իսկ սրա համար պետք են իրական ռեֆորմներ, պետք են իրական որոշումներ, պետք է վճռականություն ու տեսլական, որը ցավոք դեռ տեսանելի չէ։

Դավիթ Պետրոսյանը ուսանողական «Ռեստարտ» շարժման հիմնադիրներից է

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: