5 փետրվար, 2019 15:53

Հայաստանը դեսպանություն կբացի Կատարում՝ Կատարի օգնությամբ

Հայաստանը Կատարում դեսպանություն կունենա։ Այս հարցն ընդգրկված է փետրվարի 6-ի կառավարության նիստի օրակարգում։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Կատարի և Հայաստանի միջև աճող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև զբոսաշրջիկների քանակը հիմք են հանդիսացել, որ Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում բացվի Հայաստանի դեսպանություն։

Ընդ որում՝ կատարական կողմը 3 տարի շարունակ Հայաստանի դեսպանության պահպանման ծախսերի գերակշիռ մասն իր վրա վերցնելու պատրաստակամություն է հայտնել։

Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Կատարում դեսպանության պահպանման ծախսերը կազմում են ավելի քան 192 հազար դոլար, որից 110 հազար դոլարը պատրաստ է տրամադրել Կատարը։

Բացի այդ՝ կատարական կողմը պատրաստ է տրամադրել դեսպանության տարածք, դեսպանի կեցավայր և 2 ավտոմեքենա։ Մնացած գումարը տրամադրվելու է արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին։ Կատարը նաև իր տարածքում ՀՀ դեսպանության բացումից հետո Երևանում սեփական դեսպանությունը բացելու պատրաստակամություն է հայտնել։

2017-ից սկսած՝ Հայաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերաբար մեկնել են Կատար։ 2017-ի մայիսին պաշտոնական այցով Կատար էր մեկնել Սերժ Սարգսյանը, ապա այդ երկիր էր այցելել նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ 2017-ին Հայաստանը Կատարի քաղաքացիներին ազատեց ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից։ Իսկ անցյալ տարվա հուլիսի 15-ին Կատար էր այցելել նախագահ Արմեն Սարգսյանը։

Կարդացեք՝ 

Կատար. Սերժ Սարգսյանի վերջին այցը

Մկրտիչ Կարապետյան