5 փետրվար, 2019 14:03

Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով կտրամադրվեն. Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից․ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քիչ առաջ ավարտվեց իմ հերթական աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ:

Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները, ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից:

Տարաժամկետ վճարման, այսինքն՝ գումարը երկու տարվա ընթացքում վճարելու հնարավորությունը, որը մինչ այս էլ կար, կպահպանվի:

Այս հնարավորությունից, ըստ էության, կօգտվեն շուրջ 25 հազար փոքր և միջին սուբյեկտներ:

Հատուկ նշեմ, որ վերը նշված կատեգորիայի, ուշադրություն դարձրեք՝ վերը նշված կատեգորիայի այն սուբյեկտները, ովքեր արդեն 160 հազար դրամով ձեռք են բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, կհրավիրվեն ՊԵԿ և նրանց հետ վերահաշվարկ կիրականացվի:

Նշեմ նաև, որ ՀԴՄ-ների ոլորտում նույնպես պետական մենաշնորհը առաջիկայում կհանվի, և քաղաքացիները պահանջվող պարամետրերի ՀԴՄ-ներ բացի համանուն ՊՈԱԿ-ից կարող են ձեռքբերել ցանկացած տեղից. պարամետրերի վերանայման հարցը նույնպես քննարկման փուլում է»,- գրել է վարչապետը: