6 փետրվար, 2019 10:22

Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ:

«Ֆրանսիան այն երկիրն է, որն ուղիղ է նայում պատմության աչքերին,- Ֆրանսիայի հայ համայնքի 350 ներկայացուցիչների ներկայությամբ ասել է Մակրոնը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան առաջին պետություններից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

«Առաջիկա շաբաթներին, իմ խոստման համաձայն, Ֆրանսիան ապրիլի 24-ը կհռչակի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Ֆրանսիայի հայերի պատմությունը պատկանում է Ֆրանսիայի պատմությանը, և հայերի ցեղասպանությունը մեր պատմության մասն է, հետևաբար մեր հանրապետությունը պետք է հիշի այդ մասին»,- RFI-ի հաղորդմամբ՝ ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը հավելել է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու գործընթացն ավարտին կհասցվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հրավիրած ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

2018թ․ հունվարի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կազմակերպած ամենամյա ընթրիքին  իր ելույթում խոստացել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանել Ֆրանսիայի Հանրապետության օրացույցում, որը նրա նախընտրական խոստումներից մեկն էր։

 Լուսանկարում՝ Էմանուել Մակրոնը տիկնոջ հետ Հայաստանում՝ «Շառլ Ազնավուր» կեցավայրում, 2018թ․ հոկտեմբեր