7 փետրվար, 2019 10:31

Աշոտ Ղուլյանն արձագանքել է Սամվել Բաբայանի հայտարարություններին

Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականին Արցախում հանդիպել է երկրի վերնախավի հետ և քննարկել տարածքային զիջումների հարցը:

«Ղարաբաղցիներին հարցրեք՝ 2017 թվականին Հայաստանի այն ժամանակվա գործող նախագահը ձեզ հետ ինչի ՞ մասին է բանակցել, ի՞նչ զիջումներ պետք է անեիք, ինչպե՞ս պետք է անեիք։ Ղարաբաղի ղեկավարությանն այդ հարցերն ուղղեք, որ հիմա բլբլում են, թող այն ժամանակ բլբլային», - ասել է Բաբայանը:

«Ամբողջ այդ վերնախավն այն ժամանակ «բերանը ջուր էր հավաքել»: Երբ նրանք անկեղծ ասեն, թե ինչի մասին են խոսել, այդ ժամանակ պարզ կլինի նաև, թե ինչու են ինձ կալանավորել», - ասել է Բաբայանը:

Սամվել Բաբայանի հայտարարությանը Ֆեյսբուքում արձագանքել է Արցախի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը։

«Խորհրդարանի ղեկավարի պաշտոնում իմ գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, երբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում երբևէ Արցախի իշխանությունների հետ խոսեն պարտադրանքի լեզվով:

Հետևաբար ինձ համար անհասկանալի են փաստերի բոլոր այն խեղաթյուրումները, որոնք այս օրերին հանրային հարթակ են նետվում 2020թ. Արցախում սպասվող ընտրությունների ֆոնին:

Ինչ վերաբերում է 2016թ. հուլիսին Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Արցախի քաղաքական ուժերի պատասխանատուների հանդիպմանը, ապա որպես դրա մասնակից՝ կցանկանայի անդրադառնալ մի կարևոր հանգամանքի:

Թե ինչ է քննարկվել ՀՀ նախկին նախագահի հետ և որոնք էին հետևանքները, կարծում եմ՝ ակնառու է. դրանից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թե՛ պաշտոնական Երևանի, և թե՛ Ստեփանակերտի դիրքորոշումներն ավելի են կոշտացել:

Բազմիցս նշել եմ և այսօր էլ շարունակում եմ պնդել. տարածք՝ խաղաղության դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են: Դավադրության տեսություն զարգացնելու փոխարեն խորհուրդ եմ տալիս շահագրգիռ անձանց մտածել հայկական կողմերի դիրքերն ամրապնդելու մասին»,- գրել է Ղուլյանը: