7 փետրվար, 2019 10:22

Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է։ Նա Փարիզում հանդիպումներ է ունենում ֆրանսիական հասարակական, գործարար ու մշակութային շրջանակների ղեկավարների հետ՝ քննարկելու հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորություններն ու հեռանկարներն այդ ոլորտներում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ 

Ֆրանսիական հանրահայտ «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանի հետ նախագահը քննարկել է իրենց նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։

Զրուցակիցները մասնավորապես ընդգծել են կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժն ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը՝ ի դեմս իր կրթական, նորարարական ու գիտական հաստատությունների ու մասնագետների, լավ գործընկեր կարող է լինել ֆրանսիական կողմի համար։ Համաձայնություն է ձեռքբերվել ապրիլ ամսին ֆրանսիական ընկերության ներկայացուցիչների՝ Հայաստան այցելության մասին՝ հստակեցնելու գործակցության կոնկրետ ծրագրերը։

«Դասո սիստեմս»-ը գործում է«Dassault Group» խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտին, մասնավորապես, ավիացիոն–տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում:

 

 

Նախագահ Սարգսյանը Փարիզում կմասնակցի նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին։

Արմեն Սարգսյանը 2016-ից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է: