8 փետրվար, 2019 13:31

Մանվել Գրիգորյանի փաստաբանը չունի իր պաշտպանյալին հիվանդանոց տեղափոխելու մասին տեղեկություն

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին հիվանդանոց տեղափոխելու մասին տեղեկություն նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը չունի․ այս մասին պաշտպանն ասաց ՍիվիլՆեթի հետ զրույցում։

Մկրտչյանի փոխանցմամբ՝ ինքն այցելել է Մանվել Գրիգորյանին այսօր՝ ժամը 11։00-11։15-ին, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

«Եթե անգամ տեղափոխվել է հիվանդանոց, ես այդ մասին տեղյակ չեմ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հիվանդանոց տեղափոխելու մասին լուրեր պարբերաբար շրջանառվում են։

Մանվել Գրիգորյանի պաշտպանները նաև լրատվամիջոցներին հայտնել են, որ իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել դատարան։

Գեներալ Մանվել Գրիգորյանին շտապ «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխելու մասին հաղորդել է araratnews.am-ը՝ հզում անելով իր աղբյուրներին։ Կայքը գրել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, այլ մանրամասներ հայտնի չեն։

Կարդացեք՝

Մանվել Գրիգորյանը նորից կկալանավորվի