9 փետրվար, 2019 19:54

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Արցախում է

Փետրվարի 9-ին մեկնարկել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն, տեղեկացնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահների հանդիպումը: Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը առանձնազրույցի ընթացքում բարձր են գնահատել այս տարիների ընթացքում երկու խորհրդարանների միջեւ առկա փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել բարձրացնել այն որակական նոր մակարդակի: Քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր, կարևորվել է Հայաստանի ու Արցախի խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով շարունակական հանդիպումներն ու համատեղ նիստերը, կողմերը ընդգծել են խորհրդարանների միջև փորձի փոխանակման կարեւորությունը, ինչպես նաև միջազգային հարթակներում ընդհանուր օրակարգի շուրջ համատեղ աշխատանքը:

Այնուհետև հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով` ԱԺ խմբակցությունների և հանձնաժողովների ղեկավարների ու պատգամավորների մասնակցությամբ, որի ընթացքում ՀՀ Ազգային Ժողովի նախագահը պատասխանել է Արցախի Ազգային Ժողովի պատգամավորների հարցերին և ներկայացրել երկու խորհրդարանների միջև համագործակցության իր տեսլականը:

Այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը այցելել է նաև Ստեփանակերտի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտի նահատակների եւ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին, եղել է Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանում, զրուցել ուսուցիչների և սաների հետ: 

 

 

 

 

 

 

 

 

 

Սա Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Արարատ Միրզոյանի առաջին այցն է: