11 փետրվար, 2019 17:23

Ինչքան կա՝ եկեք այդ փողն արդյունավետ օգտագործենք, հետո մտածենք մնացածի մասին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում մասնակցել է «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին: Համաժողովին մասնակցում են ՀՀ մարզպետները, մարզպետարանների պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուներ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։

«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ պետական ծառայությունը ոչ միայն վարչապետի, ոչ միայն նախարարի, ոչ միայն Ազգային ժողովի պատգամավորի, այլև համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի կողմից չի կարող և չպետք է ընկալվի որպես բիզնես գործունեություն:

Պետական պաշտոնյայի գործունեության նպատակն առաջին հերթին և միայն պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը, ոչ թե անձնային և խմբային:

Եվ ես ուզում եմ կրկին մենք արձանագրենք, որ նոր Հայաստանում այդպիսի երևույթներ և այդպիսի երևույթների շարունակություններ չեն կարող լինել:

Երբ խոսում ենք այն մասին, որ քաղաքներում և գյուղերում շատ հաճախ պատահում է, որ համայնքների ղեկավարների, այսպես ասած, «օբյեկտներն են» ամենահաջողակները, դա ունի, բացի իմ նշած առաջին մասից, նաև երկրորդ պատճառ, որովհետև դա շատ լավ առիթ է, որ, օրինակ, այդ «օբյեկտները» խուսափեն հարկային պարտավորություններից, խուսափեն պետության առաջ ունեցած պարտավորություններից, հարկերից, գույքահարկից՝ սկսած մինչև ՀԴՄ խփել-չխփելը: Այստեղ մենք ունենք շատ լուրջ պրոբլեմ, և պրոբլեմն այն է, որ երկար տարիներ աշխատած մեխանիզմները շատ դեպքերում շարունակում են գործել: Ցավոք, դեռ Հայաստանում կա մտայնությունը, որ բա եղավ, հասկացանք, հեղափոխություն էր, հիմա 1-2 ամիս կանցնի կամ մի տարի, խորհրդարանական ընտրություններն էլ հորով-մորով արեցինք, կմոռանան բոլորը, թե ինչի համար են հավաքվել, և ամեն ինչ կսկսվի նորից»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Այս ընթացքում մենք շանս ենք տվել և շանս ենք տալիս շատերին, գուցե բոլորին, և ովքեր չեն օգտվի այդ շանսից, փոխվել փոխվող իրականությանը զուգընթաց, ուրեմն այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Հայաստանում գյուղապետարաններում 25 կիլոմետրանոց հաստիքացուցակ է՝ եղբայր, եղբոր կին, հորեղբայր, հորեղբոր տղա, հորեղբոր տղու ընկեր, բարեկամի ընկեր, ընկերոջ բարեկամ, վարորդ, հավաքարար, չգիտեմ ինչ, որոնք երբեք գործի չեն գալիս, և հետո ասում են ՀՀ-ում փող չկա: Ինչքան կա՝ եկեք այդ փողն արդյունավետ օգտագործենք, հետո մտածենք մնացածի մասին»,- համաժողովին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ելույթն ամբողջությամբ՝ վարչապետի պաշտոնական կայքում։