11 փետրվար, 2019 12:29

Շրջանառության մեջ են դրվել բուքմեքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրինագծեր

Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ շրջանառության մեջ է դրել ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը, որոնցով կսահմանափակվի բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաև կարգելվի գազալցկայաններում և տարբեր հանրային վայրերում հայտնի սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը:

«Այս նախաձեռնությունը օրակարգ էր բերվել դեռ նախորդ գումարման ԱԺ-ում և չնայած կառավարության կողմից ստացել էր դրական եզրակացություն` ՀՀԿ ներկայացուցիչները խոչընդոտեցին դա քննարկման դնելու հնարավորությունը»,- գրել է Ալեն Սիմոնյանը։

2018թ․ սեպտեմբերին կառավարության հերթական նիստին «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր խաղատների և գազալցակայաններում գործող վիճակախաղի սարքերի խնդրին։

«Մենք այդ խնդիրը պետք է լուծենք ու այնպես, որ չստացվի, թե հավասարակշռված լուծում չենք տալիս, միանշանակ է, որ գազալցակայանում գործող այդ անհասկանալի սարքերը [վիճակախաղի - ՍիվիլՆեթ], մեծ պրոբլեմներ են առաջացնում, ու դրանք պետք է ուղղակի հանվեն»,- ասել էր վարչապետը։ Վերջինս համոզմունք էր հայտնել, որ կառավարությունը պետք է փոխի իր տնտեսական քաղաքականությունն այս ուղղությամբ։

«Եկեք նայենք մեր տնտեսական աճի ցուցանիշներին, դրանց մեջ այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը, սա աբսուրդ է ընդհանրապես, մեր քաղաքականությունը պետք է լինի տրամաբանությունը փոխելը։ Մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք արտահայտությանս համար, «ղումարբազությունն» է խրախուսվում։ Մենք պետք է այնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկը խրախուսենք, ոչ էլ՝ մյուսը։ Սա շատ լուրջ պրոբլեմ է»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

***

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2017-ին «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» տողը (դրա տակ ներառված է բուքմեքերական գործունեությունն ու վիճակախաղերը) կազմել է ՀՆԱ-ի 5,3 տոկոսը։ 2018-ի առաջին եռամսյակում «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» տողը կազմել է ՀՆԱ-ի 4,1 տոկոսը, երկրորդ եռասմյակում՝ 3,6 տոկոսը, երրորդում՝ 2,8 տոկոսը։ 

Համեմատության համար՝ «Տեղեկատվություն և կապ» տողը 2017-ին կազմել է ՀՆԱ-ի 3,4 տոկոսը, 2018-ի երրորդ եռամսյակում ՝ 2,8 տոկոսը։

Ի դեպ, Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018-ին վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպումը արձանագրել է մատուցած ծառայությունների ծավալի 45,5 տոկոս աճ։

Լիլիթ Աբովյան