11 փետրվար, 2019 16:44

Վիտալի Բալասանյանը մտադիր է առաջադրվել Արցախի նախագահական ընտրություններում

Առաջիկա օրերին քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեմ 2020թ. հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու առաջադրվելու նպատակով. այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում  հայտարարել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

«Առաջիկա օրերին պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաև այցելել համայնքներ և հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020թ. հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու իմ առաջադրվելու նպատակահարմարությունը: Ես արդեն հայտարարել եմ, որ առաջադրվելու դեպքում պետք է ունենամ ժողովրդի լայն հավանությունը, ուստի տրամաբանական եմ համարում նախևառաջ հանրային այսօրինակ քննարկումների ծավալումը»,- ասել է Բալասանյանը:

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ մասնակցելով 2012թ. նախագահական, ապա և՝ 2015թ.ն խորհրդարանական ընտրություններին՝ ինքը ներկայացրել է «երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և անվտանգությանը վերաբերող բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասը այսօր էլ կենսական ու հրատապ են»:

«Հանրային քննարկումների ընթացքում կներկայացնեմ ինչպես այդ, այնպես էլ նոր ծրագրեր ու գաղափարներ: Ժողովրդի կողմից կլինի՞ լայն հավանություն և աջակցություն, ուրեմն անկասկած կառաջադրվեմ ու կպայքարեմ նախագահական մրցապայքարին»,- եզրափակել է Վի տալի Բալասանյանը:

***

Արցախում 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին անցյալ շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը։