12 փետրվար, 2019 16:44

Կառավարությունը պետռեգիստրը «հասանելի» է դարձնում լրագրողներին

Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, որով լրատվամիջոցները կազատվեն պետական ռեգիստրում գրանցված ընկերությունների մասին տվյալներ ձեռք բերելու վճարից։ Այն ներկայում կազմում է 3000 դրամ։

Նախարարությունը նաև նշել է, որ անվճար տեղեկություն ստանալու համար բացառություն կլինեն այն դեպքերը, երբ մեկ ամսվա կտրվածքով պահանջվող տեղեկատվության քանակը կգերազանցի տպագրված կամ պատճենահանված տասը էջը։ Այլ կերպ ասած՝ եթե լրատվականը ձեռք բերի մեկ ընկերության մասին տեղեկատվություն, որը կգերազանցի տասը էջը, լրատվամիջոցը այդ ամիս ստիպված է լինելու դարձյալ տուրք վճարել 3000 դրամի չափով։ Կոպիտ հաշվարկով՝ եթե լրատվամիջոցը պետռեգիստրից գնի երկու առևտրային ընկերության վերաբերյալ տեղեկատվություն, ապա արդարադատության նախարարության սահմանած էջերի քանակը կգերազանցի, և ըստ էության տուրքը նույնությամբ շարունակելու է պահպանվել։

Նոր կառավարության ծրագրում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետ կապված նշված էր, որ «անհրաժեշտ է վերանայել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց՝ միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների՝ հանրությանը հասանելի դարձնելու մեխանիզմը՝ վերացնելով օրենքով նախատեսված պետական տուրք վճարելու պահանջը»։

Մկրտիչ Կարապետյան